Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները բացահայտում են նրա քաղաքական ռազմավարության իրական բովանդակությունը։ Այսօր՝ Երևանում անցկացված քարոզարշավից հետո, նա կրկին բարձրաձայնել է այն հարցը, թե ինչ կլինի, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» չստանա բավարար աջակցություն, և փաստացի վերահաստատել է իր առանցքային թեզը՝ իշխանության կորուստը հավասարեցնելով պատերազմի վտանգին։ Միաժամանակ, նա կրկին շեշտել է ապագա Ազգային ժողովում սահմանադրական մեծամասնություն ապահովելու անհրաժեշտությունը։

Փաշինյանը հասարակությանը ներկայացնում է կեղծ, բայց «ազդեցիկ» երկընտրանք՝ կամ իր իշխանության շարունակություն, կամ պատերազմ։ Սա դասական քաղաքական տեխնոլոգիա է, որտեղ հանրային վախը վերածվում է ընտրական գործիքի։

Սակայն այս հռետորաբանության խորքում առկա է հստակ նպատակ։ Փաշինյանի համար սահմանադրական մեծամասնությունը ինքնանպատակ չէ։ Այն անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր դառնա իրականացնել Սահմանադրության փոփոխություն, ինչը, իր հերթին, ուղղակիորեն կապված է Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պահանջի հետ։

Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոփոխվի՝ հատկապես Անկախության հռչակագրին վերաբերող դրույթների մասով։ Այս պահանջը վաղուց դուրս է եկել երկկողմ հռետորաբանության շրջանակներից և դարձել է միջազգային քննարկումների մաս։ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի «2026 թվականի սպառնալիքների տարեկան գնահատականը» նույնպես արձանագրում է, որ սահմանադրական փոփոխությունը մնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին առանցքային խոչընդոտներից մեկը, որի լուծումը ենթադրում է հանրաքվե՝ անկանխատեսելի արդյունքով։

Այս համատեքստում Փաշինյանի պնդումը սահմանադրական մեծամասնության անհրաժեշտության մասին ստանում է հստակ քաղաքական իմաստ։ Այդ մեծամասնությունը նրան անհրաժեշտ է՝ Ալիևի պահանջով Սահմանադրությունը փոխելու համար։

Արդյունքում ձևավորվում է պարզ, բայց վտանգավոր շղթա՝

իշխանության վերարտադրություն → սահմանադրական մեծամասնություն → Սահմանադրության փոփոխություն → Ալիևի պահանջների բավարարում → Հայաստանի վերածում ադրբեջանական ենթապետության։

Այսպիսով, Փաշինյանի ձևակերպած «եթե մենք չլինենք՝ կլինի պատերազմ» թեզը փաստացի վերածվում է այլ բովանդակության․ պատերազմից խուսափելու միակ ճանապարհը ներկայացվում է որպես իր թիմի լիակատար քաղաքական գերիշխանություն և այդ գերիշխանության միջոցով Սահմանադրության փոփոխություն՝ Բաքվի պահանջներին համապատասխան։

Սակայն այս տրամաբանությունը բախվում է քաղաքական իրականությանը։ Սոցիոլոգիական տվյալները ցույց են տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիրը» չի կարողանա ապահովել նույնիսկ պարզ մեծամասնություն, էլ չասած՝ սահմանադրական։

Այս պայմաններում իշխանության վերարտադրությունը հնարավոր է ապահովել վարչական ռեսուրսի և ընտրակեղծարարության միջոցով, ինչը մեծացնում է հետընտրական ճգնաժամի հավանականությունը։ Հանրային վստահության խաթարումը կարող է հանգեցնել ներքաղաքական լարվածության սրմանը՝ ընդհուպ համակարգային ճգնաժամի։

Հայաստանը կանգնած է պատմական ջրբաժանի առջև:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ