Ահաբեկման միջոցով Իրանին կապիտուլյացիայի պարտադրելու ծրագիրը ձախողվեց։ Այժմ նա արագ ելքի ճանապարհ է փնտրում այն ծուղակից, որում ինքն է հայտնվել։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսեթը հայտարարել է. «Մենք գնում ենք էսկալացիայի, որպեսզի հետո գնանք դեէսկալացիայի»։ Արագ հաղթանակը և ահաբեկման մարտավարությունը չաշխատեցին։

Իր վերջնագրից հետո Թրամփը նահանջեց։ Իրանը հրաժարվեց կապիտուլյացիայի ենթարկվել և չընդունեց, որ ընդհանրապես որևէ բանակցություն է վարվել։ Թրամփը պնդում էր, որ չի կարող բացահայտել, թե հատկապես ում հետ է բանակցում իրանական կողմից։

Իրանցի ռազմական հրամանատարն ասել է. «Թրամփ, դու աշխատանքից ազատված ես»։ Իրանն այլևս չի վստահում ամերիկացի բանակցողներին, քանի որ հարձակումը տեղի ունեցավ այն պահին, երբ բանակցողները հայտնում էին լավ առաջընթացի մասին։

Իրանը կարծում է, որ ԱՄՆ-ը պարզապես փորձում է հանգստացնել շուկաները և ժամանակ շահել։ Պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմաններն են՝ ամերիկյան ռազմաբազաների դուրսբերումը Պարսից ծոցից, ռազմական ռեպարացիաների վճարումը, երաշխիքների տրամադրումը, որ ապագայում Իրանի դեմ նոր ագրեսիա չի սանձազերծվի, Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ Իսրայելի պատերազմի դադարեցումը և Հորմուզի նեղուցի նկատմամբ իրանական վերահսկողության հաստատումը՝ մաքսատուրքեր գանձելու իրավունքով։

Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելաթին երկուշաբթի օրը ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև «հնարավոր բանակցությունները», երեքշաբթի հայտնել է Եգիպտոսի ԱԳՆ-ն։ Նախարարությունում նշել են, որ զանգը կայացել է համակարգված ջանքերի շրջանակներում՝ նպատակ ունենալով վերսկսել «դիվանագիտական ուղին… որպես տարածաշրջանում համապարփակ քաոսը կանխելու միակ միջոց»։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին երկուշաբթի օրվանից բանակցություններ է վարում Ադրբեջանի, Եգիպտոսի, Օմանի, Պակիստանի, Ռուսաստանի, Հարավային Կորեայի, Թուրքիայի և Թուրքմենստանի ներկայացուցիչների հետ։

ԱՄՆ 5000 ծովային հետևակայիններ ուղևորվում են Պարսից ծոց և պետք է այնտեղ ժամանեն 4-5 օրից։ Տարբեր լրատվամիջոցների տվյալներով՝ սպասվում է լրացուցիչ ուժերի ժամանում, այդ թվում՝ 82-րդ օդադեսանտային դիվիզիայի։ «Նյու Յորք Թայմս»-ը հայտնում է, որ 82-րդ դիվիզիայի արագ արձագանքման 3000-անոց օպերատիվ խումբը կարող է օգտագործվել Պարսից ծոցում Իրանի գլխավոր նավթային տերմինալի՝ Խարգ կղզու գրավման համար։ Տարածաշրջան կարող են ուղարկվել ևս երկու դիվիզիա և այլ ստորաբաժանումներ։

Ավելի քան 40 C-17 և C-130 ռազմատրանսպորտային օդանավեր տեղակայվել են Մերձավոր Արևելքի բազաներին ավելի մոտ, ինչը կարող է վկայել զորքերի շտապ տեղափոխման մասին։

Շատ ամերիկացի և արտասահմանյան վերլուծաբաններ կանխատեսում են, որ եթե ԱՄՆ-ն գրավի Խարգ կղզին կամ ծոցի այլ տարածք, ամերիկյան զորքերը հեշտ թիրախ կդառնան իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի համար։

Այնուամենայնիվ, սենատոր Լինդսի Գրեհեմը կոչ է արել ամերիկյան զորքերին գրավել Խարգ կղզին և դա համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իվոձիմայի ճակատամարտի հետ։ «Մենք գրավել ենք Իվոձիման, կկարողանանք նաև սա», - ասել է նա։

Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն պատրաստ են պատերազմի մեջ մտնել Իրանի դեմ, հայտնում է «Ուոլ սթրիթ ջորնալ»-ը։ Ավելի վաղ Սաուդյան Արաբիան արտաքսել էր իրանցի դիվանագետներին՝ իր նավահանգիստների վրա իրանական հարձակումից հետո։

Լիբանանում Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունը և տարածքներ է գրավում երկրի հարավում։ ՆԱՏՕ-ի խորհրդատվական առաքելությունը լքում է Իրաքը, իսկ ԱՄՆ-ը տարհանում է Բաղդադի մերձակայքում գտնվող իր ռազմաբազան։

Պենտագոնը հաստատել է Maven Smart System կամ Palantir արհեստական բանականության հարթակի օգտագործումը՝ Իրանում հազարավոր թիրախների հայտնաբերման և խոցման համար։ «Վաշինգտոն փոստ»-ի տվյալներով՝ առաջին 24 ժամվա ընթացքում համակարգը թույլ է տվել խոցել գրեթե 1000 թիրախ։ Այն ինտեգրել է տվյալներ արբանյակներից, անօդաչուներից, ռադարներից և հետախուզական աղբյուրներից՝ ձևավորելով միասնական վիզուալ քարտեզ և թիրախի հայտնաբերումից մինչև հարվածի հասցնումը պահանջվող ժամանակը կրճատելով մինչև մի քանի րոպեի։

Հարավային Կորեան սահմանափակում է պետական ծառայողների կողմից ավտոմեքենաների օգտագործումը և երկարաձգում վառելիքի գների սահմանաչափերի գործողության ժամկետը։

Մերձավոր Արևելքի հակամարտությունը շարունակում է խորացնել տնտեսական ճգնաժամը և սպառնում է ծանր գլոբալ դեպրեսիայով, զանգվածային սովով և փախստականների ճգնաժամով, որը կարող է ազդել տասնյակ միլիոնավոր մարդկանց վրա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ