Այս մարդու յուրաքանչյուր ելույթից հետո սպասում ես, թե էլ ինչ նոր զուլում է մեր գլխին բերելու
Ես (կարծում եմ` դուք էլ) հարցեր ունեմ խաղաղության «ռահվիրային», որն այսօր իր խաղաղության ճանապարհային քարտեզն է հրապարակել` նոր տագնապներ ու անհանգստություն պատճառելով մեզ:
Եվ այդ տագնապի պատճառը ոչ միայն մեր 8-ամյա դառը փորձառությունն է` երբ անսպասելիորեն, մեր թիկունքում գաղտնի ու դավադիր քայլեր են արվել (ինչպես Պրագայում արված հայտարարությունը Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին), այլ նաև այսօրվա հրապարակած տեքստի մանվածապատ ու անստույգ բովանդակությունը, որը մի նպատակ ունի` հող պատրաստել, որ ցանկացած հակահայ քայլ անելուց հետո հայտարարի` բայց ես ձեզ զգուշացրել էի...
Ի՞նչ է ասում մեզ` «ավետելով», որ հնարավոր է արդեն խաղաղության փաստաթուղթը ստորագրել: Ասում է` մենք պետք է հրաժարվենք փոխադարձ պահանջներից, այդ թվում` Արցախ, Նախիջևան, «արևմտյան Ադրբեջան»...Ընդունենք` մեզ արդեն հաշտեցրել է Արցախից հրաժարվելու գարշելի մտքի հետ, բայց այդ հրաժարվելը վերաբերու՞մ է նաև Ջերմուկի ու Սոթքի` մեզնից զավթված տարածքներին, Բերքաբերի 800 հեկտարին...Այդ հրաժարումը վերաբերու՞մ է գերիների վերադարձին: Կամ Արցախի տարածքում հայկական ժառանգության պահպանմանը...
Իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է հրաժարվել իր պահանջներից` ՀՀ Սահմանադրությունը փոխելու, հայկական ատոմակայանը կանգնեցնելու, հայոց եկեղեցին ոչնչացնելու...Սովետական տարիներին Հայաստանում ապրած ադրբեջանցիների ժառանգներին` Հայաստանում բնակեցնելու մտքից:
Առհասարակ Ադրբեջանը համաձա՞յն է որևէ պահանջ առաջ չքաշելու և միմյանց «հանգիստ թողնելու» գաղափարի հետ: Թե՞ սա հերթական միակողմանի առաջարկն է, ինչպես ժամանակին արված` սահմանից «հայելային սկզբունքով հետ քաշվելու» առաջարկն էր, որն Ալիևն ուղղակի արհամարհեց, ինքն էլ արագ մոռացավ...
Ասում է` «սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ Հայաստանը և Ադրբեջանը համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն»: Ի՞նչ է դա նշանակում. երբ արդեն գուգլով Տիգրանաշենի անունը Քյարքի է դարձել, Վայոց ձոր գնալու ճանապարհն էլ Վեդիով շրջանցող ճանապարհն է առաջարկվում: Եվ գիտենք, որ Արծվաշենը 2 անգամ գերազանցում է Տիգրանաշենին, բայց ինքն անցյալում բազմիցս շեշտել է, որ Արծվաշենից` որպես հայկական հող, ինքը չի կարող հրաժարվել...իբրև թե` իրավունք չունի
Ասում է` «բոլոր ճանապարհներն ու հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն»: Օրինակ, մենք կարողանալու՞ ենք Գորիս-Կապան ճանապարհն օգտագործել, թե՞ ջրի վրա նստած վիշապի նման Ադրբեջանը` «ոչ ինձ, ոչ քեզ» տարբերակով շարունակելու է հսկել, որ «եղբայրական Հայաստանը» չօգտվի այդ ճանապարհից: Իսկ մեր Մեղրին դառնալու է «ոտքի կոխան»...
Այս մարդու յուրաքանչյուր ելույթից հետո սպասում ես, թե էլ ինչ նոր զուլում է մեր գլխին բերելու, էլի ինչ է զիջելու, էլի որտեղ է նահանջելու, որ թույլ տան մի քանի տարի էլ այս բզկտված երկրում վարչապետ աշխատի...





































