ԿԸՀ նախագահը ստիպված է եղել կատարել Փաշինյանի քաղաքական պատվերը, արդյունքում ներկայացրել է անհեթեթ հիմնավորումներ․ Բաղդասարյան
Բնականաբար, 3 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքների չեղարկումը ազդել է ընդհանուր պատկերի վրա։ Իմ տպավորությամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը պարզապես ստիպված է եղել կատարել իշխանությունների քաղաքական պատվերը, և ավելի հարմար հիմնավորում չգտնելով, երևի մասնագետներով մտածել են և ներկայացրել են այդ հիմնավորումը, որը բավականին անհեթեթ է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Վահագն Հովակիմյանի պնդմանը, թե ընտրությունների վերջնական արդյունքի վրա չեն ազդել 3 ընտրատեղամասերի քվեարկությունների արդյունքների չեղարկումը։
«Ակնհայտ է, որ արդյունքների չեղարկումը ազդել է ապագա խորհրդարանի կազմի վրա, նաև ապագայում կայացվելիք որոշումների վրա։ Բնականաբար, բոլորն էլ հասկանում են, որ խնդիրը այն չէ, թե քանի ուժ ներկայացված կլինի խորհրդարանում, այլ՝ իշխող ուժը կունենա՞ 60%+1, թե՞ ոչ։ Իսկ դա էական է, և ահա այդ որոշումը ազդել է հենց այդ էական հարցի վրա»։
Անդրադառնալով արդեն առավոտյան ԿԸՀ նախագահի մեկնաբանությանը, թե երբ մնացած տեղամասերի արդյունքները հայտնի են, դա կարող է ազդել վերաքվեարկության մասնակիցների կողմնորոշման և քվեարկության արդյունքի վրա՝ Բաղդասարյանն ընդգծեց, որ նման հիմնավորումը, առհասարակ, անընդունելի է։
«Իսկ մի՞թե դա օրենքով արգելված է։ Այդ մարդիկ էլի պիտի գնային ընտրության, որոշեին՝ իրենց քվեարկությամբ ազդո՞ւմ են խորհրդարանի կազմի վրա, թե՞ ոչ։
Ամեն դեպքում, կարծում եմ՝ ԿԸՀ-ի համար որոշիչ է եղել ընտրությունների գիշերը Նիկոլ Փաշինյանի ելույթը, երբ դեռևս 10%-ից քիչ հաշվարկի պարագայում նա հայտարարեց, որ իրենք հաղթել են, և որոշիչ է եղել նաև այն, որ նա ասում էր, թե եթե մենք սահմանադրական մեծամասնություն չունենանք՝ պատերազմ է սկսվելու։ Այսինքն՝ դա ուղիղ ճնշում է բոլորի վրա, այդ թվում՝ նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա, որովհետև եթե այդպիսի պատերազմ լինի, դա վերաբերելու է բոլորին և ոչ միայն ընդդիմությանը»,– ընդգծեց վերլուծաբանը։







































