Զանգվածային անկարողությունը բուժող էլիքսիր է պետք
Ադրբեջանով եկող ցորենը «կերանք», բենզինը «խմեցինք», հիմա էլ վիրտուալ դեսերտի հերթն է:
Եվ որովհետև Հայաստանի տեղացի բնակչությունը սահուն ընթացքով վերածվում է ֆեյսբուքահայության, ինտերնետ կոչվող այդ դեսերտ-աղանդերը շուտով ճաշակելու ենք բոլորս: Անձամբ ես չեմ կասկածում, որ Ադրբեջանի տարածքով մեր երկիր մտնող մալուխային կապը նույն «ճ» կարգի է լինելու, ինչ՝ ցորենն ու բենզինը: Խնդիրը, սակայն, սոսկ որակը չէ: Խնդիրը բուն կապն է, որ իշխանության թեթև ձեռքով, նույնքան թեթևորեն ու թեթևամտությամբ, հատկացվում է մի երկրի, որը բառացիորեն աչք է տնկել մեր ամեն ինչի վրա: Իսկ մենք զարմանալիորեն հանգիստ ենք, ասես խոսքը ոչ թե պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող կապի ոլորտի մասին է, այլ դրկից երկրից ներմուծվող խառը կանաչու:
Հատուկենտ մասնագետներ երեկվանից ահազանգում են, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր մտահոգիչ գրառումներ են անում, և վերջ: Մի քանի օր թեման դեռ «տաք» կմնա, հետո իշխանությունը օրակարգային շեղող թեմա կդնի շրջանառության մեջ, ու կփակվի հարցը: Մյուս կողմից էլ ամառն է «մեռյալ սեզոնի» իր օրակարգը թելադրում՝ համատարած անդորրի ծույլ ռեժիմով:
Խոսք չկա, ճիշտ ժամանակ ընտրեցին TeamTelecom-ն ու AzerTelecom-ը գործարքի համար. էս շոգ-կրակին ո՞վ հավես ունի փողոց-մողոց դուրս գա, բողոք-մողոք անի, չնայած, եթե անկեղծ լինենք, հով եղանակին էլ մի բան չէինք: Դարձել ենք հարմարվող, ակտիվ գործողության անկարողունակ, ինֆանտիլ հանրույթ, հոգեմտավոր իմպոտենտ կամ ֆրիգիդ:
Կոշտ ստացվեց, բայց սա է իրականությունը: Եվ իշխանությունը ճարպկորեն է խաղում այս լարի վրա. համոզվել է արդեն՝ եթե 44-օրյա սարքովի պատերազմ ու Արցախ մարսեց, ինտերնետ կապն ու մնացածն ի՞նչ է, որ չմարսի:
Կարողանալու՞ ենք կոտրել այս համոզվածությունը: Չգիտեմ: Զանգվածային անկարողությունը բուժող էլիքսիր է պետք: Կա՞ այդպիսի համադարման:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































