Այո՛, ուղիղ պատմական զուգահեռներ անցկացնելը ճիշտ չէ․ տարբեր ժամանակներ են, տարբեր պետություններ, տարբեր հանգամանքներ։ Սակայն խոսքն այսօր դրա մասին չէ։ Խոսքը այն մեխանիզմների մասին է, որոնց միջոցով իշխանությունը սկսում ջարդել, փշրել, "կզցնել" հասարակությանը։

Հիշեք ֆիլմի կադրերը․ ինչպես էին ֆաշիստները այրում «անցանկալի» հեղինակների գրքերը, ինչպես էին վերաշարադրում պատմությունը, ինչպես էին պարտադրում «նոր մշակույթ», ինչպես էին ոչնչացնում ժողովրդի պատմական հիշողությունը և այն փոխարինում իրենց համար հարմար անցյալի տարբերակով։

Մի՞թե այսօր մեր երկրում նմանատիպ գործընթացներ չենք տեսնում։

Արցախի դրոշի արգելք։ Հետապնդումներ այն մարդկանց նկատմամբ, ովքեր հրաժարվում են հանուն հակապետական և հակահայկական իբր «խաղաղության» մոդելի դավաճանել իրենց ինքնությանը, իրենց հավատքին, իրենց պատմությանը և իրենց Հայրենիքին։ Փորձեր՝ հասարակությանը ստիպելու մոռանալ սեփական պատմությունը, հրաժարվել ազգային խորհրդանիշներից և ընդունել նոր գաղափարախոսությունը՝ որպես միակ թույլատրելի ճշմարտություն։

Կա նաև մեկ այլ բնորոշ հատկանիշ։ Ցանկացած գաղափարախոսություն, որն ունի ավտորիտար բնույթ, ձգտում է վերացնել բոլոր նրանց, ովքեր կարող են դառնալ քաղաքական, հասարակական կամ բարոյական մարտահրավեր։

Այս առումով, իմ կարծիքով, ցուցիչ է Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Մարդու, ով երկար տարիներ հսկայական միջոցներ է ներդրել Հայաստանի զարգացման համար՝ կառուցել է մարզական համալիրներ, աջակցել հազարավոր մարզիկների, ֆինանսավորել կրթական, մշակութային և բարեգործական ծրագրեր, ստեղծել աշխատատեղեր և ներդրումներ կատարել երկրի տնտեսության մեջ։ Սակայն նրա հետ բաց քաղաքական բանավեճ վարելու փոխարեն փորձեր են արվում հարված հասցնել նրա ակտիվներին, սահմանափակել նրա տնտեսական հնարավորությունները և, փաստորեն, զրկել նրա բիզնեսը բնականոն գործունեության հնարավորությունից։

Բայց ավելի խոսուն է մեկ այլ երևույթ։ Փաստարկված քաղաքական բանավեճի փոխարեն հասարակությունն ավելի ու ավելի հաճախ տեսնում է վիրավորանքների, ատելության և բացահայտ հալածանքի հոսք։ Ինչո՞ւ է Ծառուկյանի հասցեին հնչում ոչ թե կոշտ, բայց բովանդակային քաղաքական քննադատություն, այլ սպառնալիքներ և փողոցային հայհոյանքներ։ Ինչո՞ւ է անհամաձայն մարդուն պետք ոչ թե համոզել, այլ բարոյապես ոչնչացնել։

Հենց սա է դասական ֆաշիզմի վառ օրինակը։

Դիտեք Միխայիլ Ռոմմի «Սովորական ֆաշիզմ» ֆիլմը։ Ոչ թե այսօրվա հետ բառացի նմանություններ փնտրելու համար, այլ հասկանալու այն մեխանիզմները, որոնց միջոցով հասարակությանը աստիճանաբար սովորեցնում են աննորմալը համարել նորմալ, անբարոյականը՝ ընդունելի, սուտը՝ ճշմարտություն, քնասնականը ` նորմալ իսկ բռնապետականը՝ ժողովրդավարություն։

Եվ այո՛, այսօր Հայաստանում ավելի ու ավելի հստակ են երևում այն երևույթների նշանները, որոնք անվանում են «լիբերալ ֆաշիզմ»՝ այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությամբ, քաղաքական ընդդիմախոսների հետապնդմամբ, պատմության վերաշարադրմամբ, ազգային հիշողության դեմ պայքարով և «նոր մարդու» ( իսկ իրականում աննասունի ) ձևավորման փորձերով։

Ի դեպ, գերմանական ֆաշիզմը նույնպես մեկ օրում չծնվեց։ Նրա ձևավորմանը նախորդեցին քաղաքական ընդիմախոսների ոչնչացում , հասարակության գաղափարական նենգափոխման երկար տարիներ և եվրոպական էլիտաների զգալի մասի ոգևորությունն ու աջակցությունը։

Ոչինչ չի՞ հիշեցնում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ