Հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը ամենատարբեր պատճառաբանություններով վիժեցվում է և դա հնարավորություն չի տալիս ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի օրակարգ բերել կարևորագույն հարցեր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Արթուր Ղազինյանի՝ 4-րդ անգամ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում չընտրվելուն:

Նա անընդունելի համարեց, որ հանձնաժողովը քննարկում է հարցր, որը հասարակության համար որևէ նշանակություն չունի.

«Կան առաջնահերթություններ, որոնք այս ընթացքում ձևակերպվել և ներկայացվել են։ Դրանք վերաբերում են սահմանային խնդիրներին, զինված ուժերի բարեփոխումների ընթացքին, Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված իրավիճակին, սակայն սրանք որևէ ձևով օրակարգ չեն բերվում: Նպատակահարմարություն չկա անընդհատ գալ ԱԺ և քննարկել Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի հարցը, սա այն հարցը չէ, որ հասարակությանն առաջնային հետաքրքրում է»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Ըստ պատգամավորի՝ սա ցույց է տալիս, որ հանձնաժողովում աշխատանքները իշխանությունը դիտմամբ տապալում է:

Տիգրան Աբրահամայան նաև ընդգծեց, որ իշխանությունը ընդդիմության փոխարեն չի կարող որոշել՝ ում առաջադրեն այդ պաշտոնին.
«Խորհրդարանում ընդդիմադիր ուժերը առավելագույնս փորձում են իրենց մոտեցումները և գործողությունները ներդաշնակեցնել, այս պայմանաններում քաղաքական որոշում է կայացվել ոչ միայն հանձաժողովի փոխնախագահի, այլ՝ ԱԺ փոխխոսնակի, հանձնաժողովների ղեկավարների հարցում: Սրա շրջանակում հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում առաջադրել ենք Արթուր Ղազինյանի թեկնածությունը, իշխանության քմահաճույքով չէ , որ մենք առաջնորդվելու ենք»,-ասաց Աբրահամյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն