Առողջապահության նախարարությունը որոշել է, թե ում վրա է տարածվելու հոկտեմբերի 1-ից պատվաստվելու կամ ՊՇՌ թեստի պահանջը։

Եվ այսպես․

ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին. նոր սահմանափակումները վերաբերում են ՀՀ գրեթե բոլոր աշխատողներին։

Բանն այն է, որ ըստ նախարարության, վերոհիշյալ պահանջները սահմանվել են հետևյալ կազմակերպությունների աշխատակիցների համար.

• պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների,

• փակ արտադրական տարածքների,

• գրասենյակային գործունեություն իրականացնող կազմակերպությունների,

• շինարարական հրապարակների,

• մեծածախ և մանրածախ առևտրի իրականացման վայրերի,

• հանրային սննդի օբյեկտների,

• հյուրանոցային տնտեսության օբյեկտների,

• բուժհաստատությունների,

• դեղատների,

• սպորտային գործունեություն իրականացնող կազմակերպությունների,

• մարզադպրոցների,

• վարսավիրանոցների, գեղեցկության սրահների

• հանքագործական արդյունաբերության և բացահանքերի,

• նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպությունների,

• հանրակրթական ուսումնական հաստատությունների,

• նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների, արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթության ոլորտում գործունեություն իրականացնող ուսումնական հաստատությունների,

• գրադարանների, թանգարանների, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային կազմակերպությունների,

• լրատվամիջոցների

• ցամաքային ուղևորատար տրանսպորտի,

• օդային ուղևորափոխադրումների և օդանավակայանների,

• սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպությունների։

Պատվաստվելու պահանջը չի տարածվելու միայն այն քաղաքացիների վրա, ովքեր ունեն պատվաստումների` բացարձակ և ժամանակավոր բժշկական հակացուցումներ։

Բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից հետո առաջացած անաֆիլաքսիան է կամ ծանր ալերգաբանական ռեակցիան` տվյալ պատվաստանյութի կամ դրա որևէ բաղադրիչի նկատմամբ:

Իսկ ժամանակավոր հակացուցումներն են սուր հիվանդությունները՝ միջին և ծանր ընթացքով և քրոնիկ հիվանդությունների սրացումները:

Ի դեպ, նշենք, որ առողջապահության նախարարի օգոստոսի 20-ի հրամանով սահմանվել է նաև աշխատակիցների ներկայացրած տեղեկանքների գրանցման համար նախատեսված հատուկ գրանցամատյանների ձևերը։


1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն