Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյան աշխատանքային այցով եղել է Եղվարդ խոշորացված համայնքի Բուժական, Արագյուղ, Զորավան բնակավայրերում:

Բուժականում Առնակ Ավետիսյանը հետևել է Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով մեկնարկած ներհամայնքային ճանապարհների կապիտալ ասֆալտապատման աշխատանքներին: Շահած ծրագրի արժեքը շուրջ 271.899.000 դրամ է, որից 45%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է:

Պատասխանատուների հետ քննարկելով շինաշխատանքների ծավալը՝ Առնակ Ավետիսյանը հորդորել է մեկնարկած աշխատանքները իրականացնել պատշաճ որակով և սահմանված չափորոշիչներին համապատասխան՝ խստագույնս պահպանելով նաև ժամկետները:

Առնակ Ավետիսյանը այցելել է նաև Բուժականի միջնակարգ դպրոց: Մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում իրականացված ֆինանսական վերաբաշխումների արդյունքում Կոտայքի մարզպետարանը 5 մլն դրամ է հատկացրել Բուժականի միջնակարգ դպրոցին՝ հաստատության միջանցքների չվերանորոգված հատվածներում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Շինաշխատանքների իրականացման համար մրցույթն արդեն հայտարարված է, աշխատանքները մի քանի օրից կմեկնարկեն:

Աշխատանքային այցի հաջորդ կանգառը Արագյուղ բնակավայրում էր, որտեղ կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են մշակույթի տան վերակառուցման և բակային հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Վերակառուցումից հետո այս բնակավայրում կսկսի գործել ճարտարապետական հարուստ լուծումներով կառուցված, պատմամշակութային արժեք ներկայացնող, սակայն երկար տարիներ բարձիթողի վիճակում հայտնված ժամանակակից և գեղեցիկ մշակույթի կենտրոն՝ հագեցած մշակութային կյանքի աշխուժացմանը միտված բոլոր հնարավորություններով: Շահած ծրագրի արժեքը շուրջ 140 մլն դրամ է, որից 30 %-ը պետական բյուջեի աջակցության չափն է, 70 %-ը՝ խոշորացված համայնքի ներդրումը:

Առնակ Ավետիսյանը եղել է նաև Արագյուղի միջնակարդ դպրոցում, որտեղ ֆինանսական վերաբաշխումների արդյունքում Կոտայքի մարզպետարանի հատկացրած ֆինանսական միջոցներով (3 մլն դրամ) մեկնարկելու են թվով 4 դասասենյակների կապիտալ վերանորոգման աշխատանքներ:

Շինաշխատանքների իրականացման նպատակով մրցույթը հայտարարված է, աշխատանքները կմեկնարկեն մի քանի օրից: 138 աշակերտ ունեցող Արագյուղի միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքներն իրականացվել էին անցյալ տարի՝ համայնքի աջակցությամբ:

Եղվարդ խոշորացված համայնք կատարած աշխատանքային այցի ավարտին Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանը Զորավանում էր:

Այստեղ կառավարության 2019թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ պետություն-համայնք համաֆինանսավորման եղանակով հիմնանորոգվել և ամբողջովին կահավորվել է համայնքի շուրջ 100 փոքրիկների համար նախատեսված երկհարկանի մանկապարտեզը:

Շահած պայմանագրի արժեքը 54.490.800 դրամ, որից պետական և համայնքի ֆինանսավորման չափը 50 % է: Ա Ավետիսյանն իր գոհունակությունն է հայտնել կատարված աշխատանքների վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանք իրենց որակով նոր նշաձող կարող են սահմանել՝ օրինակ դառնալով նաև այլ համայնքների համար:

Առկա մեկհարկանի մանկապարտեզի թափուր շենքը համայնքի միջոցներով (շուրջ 22 մլն դրամ) այս պահին վերանորոգվում է՝ փոխվում է տանիքը, իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ, որից հետո այն կծառայի որպես Եղվարդի արվեստի դպրոցի մասնաճյուղ Զորավանում:

Առնակ Ավետիսյանը շրջել է նաև այդ տարածքում, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին:






Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն