Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանի թույլ տված ենթադրյալ չարաշահումների եւ խարդախությունների  գործով նոր զարգացումներ են տեղի ունեցել։  Մեր տեղեկություններվ՝ հիմնարկի չարաշահումների մասով հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափի խարդախության և մի խումբ անձանց կողմից յուրացումներ և վատնումներ կատարելու հոդվածներով։ Ըստ տեղեկությունների, առաջիկայում տնօրեն Արմեն Գրիգորյանը եւ այլ անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, սակայն քաղաքապետ Հայկ Մարությանը մեծ ջանքեր է գործադրում իր մերձավոր Արմեն Գրիգորյանին պահելու համար։ Չարաշահումները հասնում են մոտ 500 և ավելի միլիոն դրամների։ 

«Հրապարակ»-ի ձեռքի տակ են հայտնվել նաեւ մի քանի ապացույց՝ կապված միայն պարգևավճարների մասով՝ փողերի լվացման հետ։ Լուսանկարում երևում է, թե ինչպես է Արմեն Գրիգորյանը միևնույն պաշտոնի մարդկանց տարբեր չափերի պարգևավճարներ տալիս, ընդ որում բարձր պարգևավճար ստացողները բոլորը կանայք են։ Ի դեպ, այդ բարձր պարգևավճար ստացող կանանցից երկուսի ազգանունը և հայրանունը համընկնում են, այսինքն՝ միևնույն ընտանիքի անդամներ են և նրանք, ըստ մեր տեղեկությունների, աշխատանքի երբեք չեն հաճախել, իսկ պարգևավճարների գումարները վերադարձրել են տնօրենին։



Գործը քննվում է Ազգային անվտանգության ծառայությունում, այնտեղից մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին, Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից էլ փոխանցեցին, որ նման գործ հարուցելու մասին իրենք տեղեկություն չունեն։

Արմեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ որեւէ գործով ինքը մեղադրյալի կարգավիճակ չունի․ «Նմանատիպ բան չեմ էլ լսել, ձեզնից եմ լսում, ինձ ոչ մի տեղ չեն կանչել։ Քննություն է անցկացվում, բայց, ամեն դեպքում, որեւէ  չարաշահում չկա, ինձ որեւէ մեղադրանք ներկայացված չի։ Քրեական գործ հարուցելու մասին ոչինչ չեմ լսել»։

Հարցին, թե ինքը պատրաստվո՞ւմ է ազատման դիմում գրել՝ հաշվի առնելով այն աղմուկը, որը վերջին շրջանում ձեւավորվեց իր շուրջ, հիմնարկի տնօրենը կտրուկ պատասխանեց՝ իհարկե, ոչ․ «Ես ծառայում եմ Երեւան քաղաքին, սա համայնքային հիմնարկ ա։ Ես տարված եմ հիմնարկը զարգացնելով եւ աշխատացնելով»։

Մյուս հարցին, թե Հայկ Մարությանն այս հարցով իր հետ զրուցե՞լ է, զարմացած հարցրեց, թե ինչո՞ւ պետք է զրուցի։ Պարզաբանեցինք, որ Մարությանն իր վերադասն է, նրա տված հանձնարարականի հիման վրա քաղաքապետարանի աշխատակազմի Վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացրել «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում, դրանից հետո Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Սպասում ենք եզրակացությանը, տեսնենք՝ ինչ են ասում»։

Նշենք, որ Գրիգորյանի ու Մարությանի ընկերներ լինելու մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել, մասնավորապես՝ նրանց ընկերությունը գալիս է իրենց կանանց մտերմությունից։ Երբ Արմեն Գրիգորյանը նշանակվել էր այդ պաշտոնում, խոսակցություններ էին պտտվում, որ Մարությանի կինը՝ ազգությամբ չեխ Իվան էր որոշում՝ քաղաքապետարանից ով անցնի աշխատանքի եւ ով հեռանա։

Ի դեպ, այս հիմնարկը ստեղծել է հենց Մարությանն՝ իր հավատարիմներով: Նրանք հեռացրին «Սանիթեք» ընկերությանը, որը զբաղվում էր Երեւանի աղբահանությամբ, ինչի առիթով «Սանիթեքը» հայց է ներկայացրել դատարան՝ քաղաքային իշխանության դեմ։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն