Ծրագիր է, որ մեկը մյուսի հետ կապեն եւ սեւացնեն մարդուն․ Սպիտակի նախկին քաղաքապետը հարցաքննվել է
«Այդ հաղորդագրությունը վերաբերում է սեփականաշնորհման ընթացքում խարդախությանը եւ այլն, այսինքն՝ որեւէ առնչություն, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Սպիտակի նախկին քաղաքապետ Գագիկ Սահակյանն՝ անդրադառնալով ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությանը, թե «նյութերով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ 2017 թվականին Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը, առանց օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման և համապատասխան պետական մարմինների հետ համաձայնեցման, միանձնյա որոշմամբ քանդման թույլտվություն է տվել կազմակերպությանը, որպիսի պայմաններում կազմակերպությունը ապամոնտաժել է Սպիտակ քաղաքի նախկին «Վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի շինությունները և դրանք տեղափոխել այլ վայր»:
Նախկին քաղաքապետը արձագանքելով ԱԱԾ հաղորդագրությանն՝ ասաց, որ քաղաքապետերը, համայնքապետերը նման թույլտվություն տալիս են միանձնյա որոշումով․ «Իհարկե քաղաքապետը միանձնյա է որոշում եւ շինարարության թույտվություն տալիս, եւ քանդման թույլտվություն տալիս։ Դա էդպես էլ կոչվում է քաղաքապետի որոշում, որեւէ խնդիր այդ առումով չկա, ուղղակի իրենց ծրագիրն է, որ մեկը մյուսի հետ կապեն եւ սեւացնեն մարդուն։ Ես ոչ մի ապօրինի բան չեմ արել»։
-Կանչե՞լ են ձեզ հարցաքննության։
-Ես մի անգամ հարցաքննվել եմ եւ դրանով սահմանափակվել է։
-Վկայի կարգավիճակո՞վ եք հարցաքննվել։
-Որպես վկա հարցաքննվել եմ, բոլոր փաստաթղթերը ներկայացրել եմ, թե ինչի հիման վրա է տրվել քանդման թույլտվությունը եւ դրանով սահմանափակվել է։
-Ե՞րբ եք հարցաքննվել։
-Մոտ մեկ ամիս առաջ։
-Ո՞վ է քանդող կազմակերպությունը։
-Քանդող կազմակերպությանը չգիտեմ, բայց գիտեմ սեփականատիրոջը՝ Քաջարանի պղձնամոլիբդենի կոմբինատն է։
-Ինչի՞ համար է քանդել։
-2004-2005 թվականներին կոմբինատը գնել է այդ տարածքը, սեփական հիմնարկ է եղել, սնանկ է ճանաչվել, կոմբինատը գնել է այդ շենք-շինությունը՝ իր զբաղեցրած հողով, որպեսզի քանդեն, տանեն իրենց մոտ արտադրամաս կառուցեն։ Ինձանից ատաջ եղած քաղաքապետը եւ ես շուրջ 10 տարի անընդհատ փորձել ենք թույլ չտալ քանդել, բայց ի վերջո ՝վերջացավ մեր թույլ չտալը։
-Քանդման դիմաց որպես փոխհատուցում վճարվե՞լ է համայնքային բյուջե, թեկուզ սիմվոլիկ գումար։
-Չէ, իրենք նման պարտավորություն չունեն, բայց որպես պայման մենք նաեւ առաջ քաշեցինք, իրենք էլ համաձայնեցին, որ ֆուտբոլային դաշտ կառուցեն, քանի որ այդ տարածքը եղել է ֆուտբոլի մարզադաշտի տարածք։ Դեռ չեն կառուցել, ես հույս ունեմ, որ կկառուցեն, բայց որեւէ լծակ մենք իրենց վրա չենք ունեցե;։ Մարդիկ իրենց սեփականությունը ապամոնտաժում, տանում են։
-Երկաթ է եղե՞լ այդ տարածքում, որ տարել են։
-Երկաթներ են, սենդվիչներ են։ Իրենք ներկայացրել էին փորձագիտական եզրակացություն, որ վթարային վիճակում է, եւ ցանկացած պահի կարող է փլուզվի։ Ես էլ եմ տեսել, որ շատ վատ վիճակում է այդ շինությունը։ Եթե չտայինք թույլտվությունը, կդիմեին դատարան եւ այդ թույլտվությունը կստանային։
-Սա Ձեր նկատմամբ ճնշում եք դիտարկո՞ւմ։
-Ընտրություններից առաջ ինչ ասես անում են, էլ դրամական օգնություններ` ոչ միայն Սպիտակում, նաեւ գյուղական համայնքներում։ Ես տիրապետում եմ նոյեմբերի 18-ի տվյալի, որ 8 հոգու 15 հազարական դրամ բաժանել են Սպիտակում, գյուղերում էլ որոշ օգնություններ են տալիս` սննդի, փայտանյութի տեսքով։ Մարդիկ կարիքն ունեն, բայց ինչո՞ւ հենց հիմա։ Եթե իրենք կասեն՝ ազնիվ մղումներով ենք անում, ապա եփած հավի ծիծաղը կգա։
Նշենք, ըստ ԱԱԾ-ի հաղորդագության, ՀՀ-ում գործող կազմակերպություններից մեկի համահիմնադիրները, տեղյակ լինելով, որ ՀՀ-ում գործող տնտեսվարող կազմակերպություններից մեկը հետաքրքրված է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի նախկին «Վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի՝ հարկադրված սնանկությամբ պայմանավորված աճուրդով վաճառքի հանված անշարժ գույքերը ձեռք բերելու գործընթացով, 99,635,200 և 131,179,315 ՀՀ դրամ արժեքներով արտադրամասի, հողամասի առուվաճառքի պայմանագրերով ձեռք են բերել համապատասխանաբար 4135,5 քմ մակերեսով նախկին գործարանի արտադրամասն իր 0,28 հա հողատարածքով և 9766,2 քմ մակերեսով արտադրամասն իր 1,28 հա հողատարածքով: Այնուհետև, կնքվել են անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրեր, որոնցով նախկինում 99,635,200 ՀՀ դրամ արժեքով ձեռք բերված անշարժ գույքը 165,260,400 ՀՀ դրամով, իսկ 131,179,315-ը ՝ 398,739,600 ՀՀ դրամով վերավաճառել են կազմակերպությանը՝ այդ կերպ ընկերությունից խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ 334,185,485 ՀՀ դրամը :
Hraparak.am