Հինգն էլ պիտի գնան «Վարդաշեն» ՔԿՀ
Հարցազրույց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ
- Մեզ շաբաթներ առաջ տեղեկություն էր հասել, որ բանակում հետին թվով պատերազմին վերաբերող շրջանի փաստաթղթերն են խմբագրվում, կեղծվում, բայց չունեինք ապացույց եւ ձեռնպահ էինք մնում հրապարակել այդ լուրը: Դուք նախօրեին խոսել եք հենց այդ մասին: Կասե՞ք, թե ինչ գիտեք այդ մասին, ովքեր են հետին թվով փաստաթղթեր կեղծում։
- Ես շատ բան գիտեմ, որ Ղարաբաղի շտաբի պետով-բանով դրել՝ հրամաններ են գրել: Չեն հասկանում, որ զռռում է, որ սարքած է։ Այստեղ՝ Հայաստանում էլ են զբաղվում, որովհետեւ որեւիցե հրաման չի եղել հետքաշման կամ առաջ գնալու, հիմա պետք է ստուգել, դրանց բոլորին պատասխանատվության կանչել։ Փորձում են վերացնել հետքերը։
- Իսկ ռազմակա՞ն, թե՞ քաղաքական ղեկավարությունն է դա անում։
- Ես հստակ գիտեմ, որ ռազմական օղակներում են այդ ամենն անում, բայց թե ում կարգադրություններով են անում, չգիտեմ, պիտի ստուգեմ, իմանամ։
- Իսկ ինչպե՞ս են կեղծում, եթե պաշտոնական փաստաթղթաշրջանառության Մալբրի համակարգն է գործում, եւ այդտեղ երեւում են բոլոր խմբագրումները։
- Նայեք, ոնց են անում՝ իրենք էնքան դեբիլ են, որ․․․ ենթադրենք՝ ձեր զորամասը եղել է ինչ-որ հատվածում, հիմա հրամանատարին կանչել են, մի հրաման գրել, ասել են՝ ստորագրի, բայց չէ՞ որ ընդեղ սպաներ կան, կհարցնեն՝ տղա ջան, դու ստեղ եղե՞լ ես, ասում ա` չէ։ Հնարավոր չէ տասնքանի հազար սպային տանել ասել՝ ով, որտեղ ինչ է արել, դեբիլ են, դեբիլ։
- Ես ճի՞շտ հասկացա, որ ռազմական ղեկավարությունն է փորձում ինքն իրեն «մաքրել»։
- Նորից եմ ասում՝ ես գիտեմ, որ զինվորականներն են անում, բայց թե ում կարգադրությամբ, ով է դրանց հուշում կամ ուղղորդում, ես առայժմ չգիտեմ։
- Դա հանցանք է, կարծում եք՝ ռազմական ղեկավարները` առանց վերեւից կարգադրության, կգնա՞ն նման քայլի՝ իմանալով, որ հետո կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել:
- Ինչի` որ զինվորին որպես մոբ չեն տարել, չեն պատրաստել, չեն արել իրենց գործը, հիմա այդ մարդիկ խոսում են, քրեական պատասխանատվությա՞ն են ենթարկվել։ Հիմա էլ մտածում են՝ սենց թուղթը կեղծենք, դնենք, մենք պլստանք, հետո ինչ կլինի, թող լինի։
- Եթե ունեք կոնկրետ փաստեր, ինչո՞ւ չեք դիմում իրավապահներին։
- Ես ամեն ինչն էլ փաստերով գիտեմ, բայց ինչի՞ ա Ձեզ թվում, որ տեղյակ չեն կամ չեն ներկայացրել։
- Ովքե՞ր են տեղյակ։
- Ովքեր զբաղվում են այդ գործով։
- Իրավապահնե՞րը։
- Այո։
- Բայց քրեական գործ չկա մինչեւ հիմա։
- Բայց Դուք եք փոխարենը ինձ քննության ենթարկում։
- Միեւնույն է` տրամաբանական չէ․ պատերազմի ժամանակ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասն այսօր գործազուրկ է, ո՞վ պետք է նախկինների սխալները խմբագրի: Իմ տեղեկությունները ճիշտ հակառակն են՝ քաղաքական ղեկավարներն են հրահանգել փաստաթղթեր կեղծել, որ հետո ասեն՝ հրաման տվել ենք, զինվորականները չեն կատարել։
- Ես գիտեմ, որ ԳՇ-ում նստած՝ հրաման են փոխում, նոր հրամաններ կեղծում: Թե ում կարգադրություններով են անում, երբ ստուգեն, կասեն, էլի։ Հիմա կանգնեմ ասեմ` Նիկոլն ա հրաման տվել, բայց եթե չգիտեմ, ինչի՞ ասեմ: Ես ֆակտը գիտեմ, որ անում են։
- Անուններ գիտե՞ք` ովքեր են։
- Գիտեմ, բայց չեմ ասի, կհրավիրենք քննության, կասեն։
- Իսկ Դուք համաձայն չե՞ք, որ պատերազմի հրամանները մեկ մարդու է պետք կեղծել՝ գերագույն հրամանատարին։
- Ես էլ Ձեզ ասում եմ՝ սխալվում եք, այդ մեկ մարդուն չի պետք։
- Բայց նոր ասում էիք՝ չգիտեք ով է կարգադրել, հիմա վստահեցնում եք, որ Փաշինյանը չէ։
- Բայց ինչի՞ Նիկոլը պիտի ուզի։
- Մովսես Հակոբյանը հայտարարեց, որ պատերազմի երրորդ օրը զորահավաքը դադարեցրել է, գուցե փոխում են հրամանը, որ զորահավաքի դադարեցման փաստաթուղթը վերացնեն կամ մեկ ուրիշ բան։
- Սուտ ա ասել։ Ես բացատրում եմ՝ Մոսիկա-փոսիկա, մի հատ հարց ուղղեք՝ քանի՞ զինվոր պետք է ունենար քո բանակի մոբ ռեսուրսը, որ հավաքեիր, պայմանական ասենք՝ 134 հազար։ Այ ոչխար, քեզ այդքան զենք չունեիր պահեստներում, որ այդ մարդկանց զինեիր, ո՞նց էիր էդքան հավաքում։ Խի մի հատ դոկումենտ չունես, որ վերադասիդ գրել ես, որ զենքեր չկան, որ բերեն-համալրեն։ Այս մոսիկներին հարցրու` դա իր անմիջական պատասխանատվության խնդիրն է եղել՝ իր, Սեյրանի, Խաչատուրովի, Օնիկի, Արտակի, էդ հինգն էլ պիտի գնան «Վարդաշեն»։ Այն, որ երեւանցին ասում էր՝ ախպեր, եկա, գրանցվեցի, գնացի տուն, նստեցի, ոչ մեկ չկանչեց, հիշում եք, չէ՞: Ի՞նչ զենք ունեին, որ կանչեին։
- Բայց Նիկոլ Փաշինյանը մինչեւ պատերազմն ասում էր՝ շատ զենք ունենք, ամեն ինչ ունենք։
- Շատ ճիշտ էր ասում, բացատրեմ՝ ինչ է ուզում ասի․ ասենք, եթե 20 տարի դու ոչինչ չես արել, հիմա մի ամսում մի քանի հատ տեխնիկա են առել, իհարկե, կասի՝ ամենաշատը մենք ենք առել։
- Եթե զենք չկար, ո՞նց 44 օր կռվեցին։
- Լսեք, այդպես է, դուք՝ լրագրողներդ, մակերեսով եք նայում։ Էլի եմ ասում՝ բոլորը խոսում էին մարդկային ռեսուրսի դեֆիցիտի մասին, թե փախչում են, չեն մնում, հետո էլ ասում էին` մեզ չկանչեցին, բա ձեր՝ լրագրողներիդ մոտ հարց չի՞ ծագում՝ ինչի՞։
- Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ԱԹՍ-ների կռիվ է եղել, մեր ՀՕՊ համակարգերն են ոչնչացրել եւ այլն։ Հիմա ասում եք՝ զենք չկար, որ կռվեին։
- Ես էլ Ձեզ վստահեցնում եմ, որ մարդկային կռիվ էր, ԱԹՍ-ն, այո, պատճառ էր, ես 16 թվին եմ բացատրել, ասել եմ՝ ժողովուրդ, շատ կորուստներ ենք ունենալու, եթե այս զենքերով՝ լոմով ու լապատկով գնանք կռվենք։
- Չնայած Փաշինյանն ասում էր, որ զենքի խնդիր չունենք, բայց փաստն այն է, որ «օդը չէին փակել», թեպետ Արայիկ Հարությունյանը, մյուսները ստում էին, թե փակ է։
- Չառան, ասին` փող չունենք։ Լրջացեք, Արայիկ Հարությունյանը չի կարա էդքան իմանա՝ օդը փակ է, թե բաց։ Երկրորդն էլ՝ դա ասեղ չի, որ վերցնենք ու փակենք։
- Այնուամենայնիվ չպատասխանեցիք՝ Օնիկ Գասպարյանը, որը պատերազմի ժամանակ ԳՇ պետն էր, այլեւս չի պաշտոնավարում, տեղակալ Տիրան Խաչատրյանը` եւս, նախարար Դավիթ Տոնոյանը, այսինքն՝ մարդիկ, որոնք պետք է շահագրգռված լինեն Ձեր ասած «կեղծիքն» իրականացնելու հարցում, այլեւս համակարգում չեն: Կարո՞ղ ենք կասկածել, որ քաղաքական ղեկավարությունն է այս ամենի հեղինակը, եւ հեռացածներն ամեն ինչ ճիշտ են ասել, հակառակ պարագայում իրենք հիմա բանտերում կլինեին։
- Նախ, առաջին՝ Օնիկը չկա, բայց Արտակը կա (ԶՈՒ պետ Դավթյանը)։ Տես` դու ռեֆորմ ես անում, հետո քեզ հանում են, 3 ամիս հետո կռիվ է սկսվում, նորից ինձ հանում են, քեզ են բերում, հիմա իրար հետ կապ կարող ենք, չէ՞, պահել, որովհետեւ եթե այս մեկը բացվի, մյուսն էլ կբացվի․․․․։ 5 ԳՇ պետ պետք է հավաքեին պայմանական 100-քանի հազարանոց մոբ, հարց առաջին՝ զենք ունեի՞նք այդ մարդկանց զինելու, իհարկե՝ ոչ, մի հատ զեկուցագիր էս հինգից մեկն ունի՞ իր վերադասին գրած․․․ Ասում եք Օնիկը․․․ Օնիկը, Արտակը, Մոսիկը, փոսիկը, էդ բոլորը մի հատ վերլուծություն ունե՞ն իրենց վերադասին, որ այսինչ զենքը չկա, որ հակառակորդը սա է արել, նա է արել, մենք թույլ ենք, եթե սա չանենք, պարտվելու ենք։ Չունենք նման զեկուցագրեր։ Ես 4 զեկուցագիր եմ գրել ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ե՛ւ Քոչարյանին։
Հիմա գերագույն հրամանատարն էլ կասի՝ ինձ ինչ ասել են, ես արել եմ, մի քանի անգամ էլ կրկնեց։ Գերագույն հրամանատարը, որը բանակում չի ծառայել, չգիտի, ինչ ասել են, այն էլ առել է։
- Ասել էին՝ անսարք զե՞նք առ։
- Ասում ա՝ ինձ ասել են սամալյոտ, սամալյոտն եմ առել, ԱՍԱ առ, առել եմ, եթե չէ, թող հակադրվեն։
- Եթե այդպես է, ինչո՞ւ են այդ մարդիկ ազատության մեջ։
- Այ, սա արդեն խնդիր է։
- Իսկ չե՞ք կարծում, որ խնդիր է, երբ գերագույն հրամանատարը, նույնիսկ եթե նախապես չեն զեկուցել, բայց 44-օրյա պատերազմի գոնե կեսին չի պարզում, որ զենքի խնդիր ունեն, ու անհապաղ չի դադարեցնում պատերազմը։
- Ես չգիտեմ՝ ինքն ինչ է իմացել, ինչ չէ, բայց նորից եմ ասում՝ եթե այդ մարդուն չես զեկուցում կամ խաբում ես, որտեղի՞ց պիտի իմանա։
Hraparak.am