«Ռուսաստան֊Արևմուտք անտագոնիզմի մասին ինֆանտիլ պնդումները միայն ժպիտ են առաջացնում». Վահե Դավթյան
Քաղաքական գիտությունների դոկտոր, անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Ռուսաստան֊Արևմուտք անտագոնիզմի մասին ինֆանտիլ պնդումները միայն ժպիտ են առաջացնում։
Տպավորություն է, որ կամ մնացել ենք 90֊ականների իդեալիստական խոսույթի կաղապարների մեջ կամ մեխանիկորեն վերաշարադրում ենք ուժային կենտրոններում մշակված պրոպագանդիստական դրույթները։
Քիչ թե շատ իրական պատկեր ստանալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել իշխանության, քաղաքական էլիտաների ներքին կառուցվածքը։ Այդ դեպքում անպայման կառաջանան բազմաթիվ հարցեր, օրինակ՝ ի՞նչ են անում ամերիկյան խորհրդատուները ՌԴ գրեթե բոլոր նախարարություններում ու Պետական դումայի մշտական հանձնաժողովների փորձագիտական խմբերում կամ ի՞նչ գործ ունեն ԱՄՆ, Բրիտանիայի ու Ֆրանսիայի քաղաքացիները ռուսական այնպիսի պետական ընկերությունների կառավարման կազմում, ինչպես «Գազպրոմը», «Սբերբանկը», «Ռոսնեֆտը» ու «Աէրոֆլոտը»։ Երբ վերջերս այս հարցն ուղղեցի բոլորիդ հայտնի ռուս փորձագետներից մեկին, ստացա հետևյալ պատասխանը. «Մեր երկիրը կառավարվում է բաժնետիրական ընկերության սկզբունքով, ու դա այսօր շատ նորմալ է, պետք չէ ամեն ինչ գնահատել գեոստրատեգիայի տեսանկյունից»։
Տարօրինակ բան կասեմ, բայց մի հարցում համաձայն եմ Նիկոլի հետ, այն է՝ այսօրվա աշխարհում չկան պետական գաղափարախոսություններ (հիշում եք 2018֊ի այդ բանավեճը ԱԺ֊ում)։ Առկաներն էլ օգտագործվում են իրական գործընթացներն ու նպատակները քողարկելու համար։ Աառը պատերազմից հետո դրանց փոխարինելու եկավ չոր պրագմատիզմի վրա կառուցված ԱՆԹԱՔՈՒՅՑ տնտեսական շահը, որն այնուհետև ևս տրանսֆորմացվեց՝ պայմանավորված արդյունաբերական ու ֆինանսական կապիտալի միջև ծավալված մրցակցությամբ։ Ու այդ առումով ամենևին պատահական չէ ֆրանսիացի առանցքային մտավորականներից մեկի՝ Ժակ Ատալիի կողմից առաջարկվող այն մոտեցումը, որ այլևս անհրաժեշտ է հրաժարվել «աշխարհաքաղաքականություն» եզրույթից՝ փոխարինելով այն «աշխարհատնտեսությամբ»՝ գեոէկոնոմիկայով»»։
168.am