Պաղեստինի առաջնորդները՝ ներառյալ ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիան եւ նախագահ Մահմուդ Աբբասի «Ֆաթահ» կուսակցության պատվիրակությունը, ժամանել են Կահիրե` Իսրայելի հետ հրադադարի ռեժիմի ամրապնդման նպատակով Եգիպտոսի պաշտոնյաների հետ առանձին բանակցություններ վարելու համար, հայտնել է Reuters-ը:

ՀԱՄԱՍ-ի խոսնակ Հազեմ Ղասեմը ասել է, որ Հանիայի այցը պատասխան է Կահիրեի հատուկ հրավերին՝ պաղեստինյան խմբակցությունների ավելի լայն հանդիպմանը ընդառաջ, որը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ:

Ակնկալվում է, որ Ջիբրայիլ Ռաջուբը՝ «Ֆաթահ»-ի բարձրաստիճան պաշտոնյան, նույնպես հանդիպելու է եգիպտացի պաշտոնյաների հետ, հայտնել են պաղեստինյան եւ եգիպտական ​​աղբյուրները: Աբբասին եւս հրավիրել են Եգիպտոս:

Մայիսի 10-ին բռնկված 11-օրյա հակամարտությունից հետո Եգիպտոսը կարեւոր դեր է խաղացել Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հրադադարի ռեժիմի հաստատման գործում:

Ղասեմը նշել է, որ Հանիան եւ Եգիպտոսի պաշտոնյաները Իսրայելի հետ քննարկելու են հրադադարի ամրապնդումը եւ Գազայի վերականգնման ծրագրերը: Եգիպտոսը հայտարարել է, որ 500 միլիոն դոլար է հատկացնելու վերակառուցման նպատակով:

Նախկինում Եգիպտոսը փորձել է համագործակցություն հաստատել պաղեստինյան խմբակցությունների միջեւ, ինչը նա անհրաժեշտ է համարում տարածաշրջանում խաղաղությունը խթանելու ավելի լայն ջանքերի համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն