50 դրամ ավել վճարելն ամոթ էր, իսկ 90 միլիոն վճարելը՝ ո՞չ. ԱԺ նախագահի հին ու նոր սկզբունքները
«Ինչի՞ պետք է ներկայանալի դասի լինի, որովհետև ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է, և մենք բազմաթիվ հյուրեր ենք ունենում»,- օրեր առաջ Ալեն Սիմոնյանը հենց այս ձևակերպումով ու դեմքի լուրջ արտահայտությամբ եթերից մարդկանց համոզում էր, թե ինչո՞ւ իր համար գնված մեքենան պետք է լինի 90 միլիոն դրամ արժողությամբ, թե ինչ մեծ «ադալժենի է» արել նա՝ հրաժարվելով ավելի թանկարժեք՝ զրահապատ մեքենայի գաղափարից:
Ուշադրություն, խորհրդարանական հանրապետության խորհրդարանի խոսնակը, պարզվում է՝ միայն դիլետանտիզմի մակարդակում է ծանոթ խորհրդարանի դերին ու գործառույթներին, և, օրինակ, տեղյակ չէ, թե ինչ ասել է՝ «ներկայացուցչական մարմին», որ դա ամենևին կապ չունի պրեստիժի հետ, որ խոսքը մոդելի մասին է. այն է` «խորհրդարանը հանդիսանում է ներկայացուցչական մարմին, որտեղ ողջ բնակչությունը և երկրի շրջանները ներկայացված են իրենց կողմից ընտրված ներկայացուցիչներով»:
Եվ եթե անգամ աչք փակենք այս անտեղյակության վրա, չի ստացվի նաև աչք փակել հարցի բարոյական կողմի վրա. նախկինների շռայլ ծախսերը, շքեղ պադավատները քննադատող, եղբայրություն, արդարություն ու հավասարություն քարոզող «հեղափոխականները», պարզվեց, այդքան էլ դեմ չեն ճոխ կյանքին: Ո՞վ կմտածեր, որ ընդամենը 2013 թվականին «Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի ակտիվ մասնակիցն այսօր իրեն կարող է թույլ տալ արդարացնել հետպատերազմական, համավարակային կրիզիսում հայտնված երկրում թանկարժեք մեքենայի գնումը:
Հիշեցնենք՝ ԱԺ նախագահի համար նոր ծառայողական ավտոմեքենայի ձեռքբերման նախագծում իբրև հիմնավորում էր նշվել հանգամանքը, որ Ալեն Սիմոնյանին սպասարկող նախկին՝ 2011 թվականի արտադրության BMW մակնիշի ծառայողական ավտոմեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը ծախսատար է, դրա շահագործման և պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումները այլևս արդյունավետ և նպատակահարմար չեն։
Այս հիմնավորման հետ գուցե հաշտվեինք, եթե չհիշեինք 50 դրամների ակցիայի ժամանակ Ալեն Սիմոնյանի ու նրա ընկերների շուրթերից հնչող վեհ կոչը՝ «Ամոթ չէ վճարել 100 դրամ, ամոթ է վճարել 150, երբ կողքինդ չունի այդ 50 դրամը»:
Այն այսօր կարող էր ունենալ այս ձևակերպումը՝ ամոթ չէ տեղաշարժվել հին մեքենայով, ամոթ է գնել 90 միլիոն դրամանոց նորը, երբ երկրումդ քաղաքացին գոյատևելու խնդիր ունի: Այլապես ստացվում է՝ 50 դրամ ավել վճարելն ամոթ էր, իսկ 90 միլիոն վճարելը՝ ոչ:
168.am