ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանն այսօր ԱԺ հերթական նստաշրջանի մեկնարկին, երդվեց ԱԺ ամբիոնից։ Նա, հիշեցնենք, պատգամավորական մանդատ ստացավ «Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Սեդրակյանի՝ մանդատը վայր դնելուց հետո։ Սակայն այդ անգամ նա չերդվեց ԱԺ ամբիոնից, քանզի «Հայաստան» խմբակցությունը որոշել էր բոյկոտել նիստը։

Այսօր նա տվեց իր պատգամավորական երդումը, սակայն իր խոսքում չդիմեց իշխանական պատգամավորներին։

«Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, սիրելի հայրենակիցներ»,-այսպես սկսեց իր երդումը Ասպրամ Կրպեյանը՝ արհամարհելով իշխանական պատգամավորներին։

Նա նաև երդման ստանդարտ տեքստում որոշ իմպրովիզներ արեց՝ երդվելով հավատարիմ մնալ հոր՝ Թաթուլ Կրպեյանի դավանած սկզբունքներին։

«Հանուն համազգային նպատակների իրագործման, հանուն ազատ, անկախ և միացյալ Հայաստանի՝ երդվում եմ հավատարիմ մնալ հորս՝ Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դավանած սկզբունքներին և բացառիկ անմնացորդ նվիրումին՝ առ հայրենիք։ Կատարել 2020 թվականի նոյեմբերի 10-ի լուսադեմիին Եռաբլուր զինվորական պանթեոնում տվածս երդումը հանուն պատմական արդարության, համազգային միասնության և արժանապատվության վերականգնման, քանզի չկա Հայաստան՝ առանց Արցախի, և չկա Արցախ՝ առանց Հայաստանի։ Հավերժական Հայաստան լինելու է»,-երդման իր տեքստն այսպես ամփոփեց Կրպեյանի դուստրն ու նստեց տեղը։ Ընդդիմադիր պատգամավորները ծափահարեցին, իսկ իշխանականները մոլորված ու զարմացած հայացքներով իրար էին նայում։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն