Երկրաշարժի ցավը է՛լ ավելի հաստատակամ կերպով առաջնորդեց հայությանը՝ կերտելու հաղթանակների մի փառավոր շարք. Արցախի ԱԽ
Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակը ցավակցական ուղերձ է հղել Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցի կապակցությամբ:
Ուղերձում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ,
Արդեն 33 տարի է, ինչ դեկտեմբերի 7-ը բոլորիս հիշողության մեջ է, որպես խորը կսկիծի վկայություն։
1988 թվականի Դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի ցավը, սակայն, է՛լ ավելի հաստատակամ կերպով առաջնորդեց հայությանը՝ սկիզբ առած ազատագրական պայքարում կերտելու հաղթանակների մի փառավոր շարք:
Աղետի գոտում Անկախության տարիներին համազգային ջանքերով կատարված վերականգնման մեծածավալ աշխատանքների շնորհիվ հաղթահարվում են ավերիչ տարերքի հետևանքները։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Երկրաշարժի տարելիցի օրն ընդունեք իմ խոնարհումը հազարավոր անմեղ զոհերի հիշատակին։
Մաղթում եմ բոլորիս ամուր կամք, անխախտ լավատեսություն, մարտահրավերներին դիմագրավելու անմնացորդ նվիրում։
168.am