Սովորեք լսել, առավել ևս՝ կանանց, հիմա այստեղ ձեզ տղամարդկային կոդեքս չեմ բացատրելու․ Ագնեսա Խամոյանը՝ Արման Եղոյանին
Այսօր Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը իր ելույթում մեջբերեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Նա մասնավորապես հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ եթե բանակցությունների սեղանին լինի որևէ փաստաթուղթ, կգա և կներկայացնի ժողովրդին։ Նրա ելույթին տեղից արձագանքում էր ավելի վաղ ելույթ ունեցած, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
«Լսեք, պարոն Եղոյան, սովորեք լսել, առավել ևս՝ կանանց, հիմա այստեղ ձեզ տղամարդկային կոդեքս չեմ բացատրելու»,-ասաց նա, սակայն Արման Եղոյանը չէր դադարում տեղից ընդհատել։
Հարցին միջամտեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը. «Պարոն Եղոյան, դուք նախազգուշացում եք ստանում, պարոն Եղոյան, ես ձեզ կհեռացնեմ դահլիճից»:
Ագնեսա Խամոյանը, շարունակելով ելույթը, նախ ասաց. «Զսպեք ձեզ, ինչպես կասեր՝ Ալեն Սիմոնյանը»։
Պատգամավորը նշեց, որ երեք տարի շարունակ իշխանությունը չի խոսել ժողովրդի հետ։ «Ձեզ մեղադրում ենք, որ դուք պատերազմը չեք կանխել, քանի որ բանակցային գործընթաց է ընթացել, որը ժողովրդից գաղտնի եք պահել»,-ասաց նա և հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։
Ալեն Սիմոնյանը կոչ արեց անջատել Խամոյանի խոսափողը, քանի որ նրա ելույթի ժամանակը սպառվել էր:
«Որքան գաք, այստեղ Քոչարյանի անունը տաք, դա մեզ միայն օգուտն է բերելու»,–ասաց ԱԺ նախագահը։
Հաջորդ ելույթը ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանինն էր, ում ելույթին էլ տեղից արձագանքում էր Ագնեսա Խամոյանը, ինչին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը նախ նախազգուշացում տվեց, այնուհետև մեկ նիստում խոսափողից հանդես գալուց զրկեց Խամոյանին։
Tert.am