Ընտրվելու դեպքում ԼՀԿ-ն նախատեսում է ընդլայնել նախագահի և ԱԺ-ի լիազորությունները
Ընտրապայքարում հաջողության հասնելու դեպքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախատեսում է ընդլայնել նախագահի և խորհրդարանի լիազորությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասացին կուսակցության ցուցակի անդամները Աջափնյակ համայնքում քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում:
«Լուսավոր Հայաստանը» քարոզարշավին մասնակցում է «Կա այլընտրանք, քվեարկիր» յուրահատուկ կարգախոսով` համախմբելու, ազգային համերաշխություն ձևավորելու, ազգային համերաշխության կառավարություն ձևավորելու և համատեղ ուժերով երկիրն այս իրավիճակից հանելու համար»,-ասաց Գևորգ Գորգիսյանը:
Անդրադառնալով ծրագրի դրույթներից մեկին, որով ԼՀԿ-ն հաջողության հասնելու դեպքում նախատեսում է ընդլայնել նախագահի և խորհրդարանի լիազորությունները՝ Գորգիսյանն ասաց. «Մենք հիմա ունենք սուպերվարչապետական համակարգ, ինչը բերել է նրան, որ կա վարչապետ՝ չփոխզսպված մեխանիզմներով, գրեթե բացարձակ իշխանությամբ: Խոսքը վարչապետից լիազորությունների մի մասը վերցնելու և նախագահին ու ԱԺ-ին տալու մասին է, որպեսզի ունենանք ավելի հավասարակշռված համակարգ, և մի անձից կախված չլինի երկրի ճակատագիրը»:
Անդրադառնալով անվտանգային հարցերի լուծմանը՝ Գորգիսյանը նկատեց, որ որևէ լուրջ խնդիր հնարավոր չէ լուծել պառակտվածության պայմաններում: «Մենք տեսնում ենք, թե ինչ մակարդակի է հասել քարոզարշավը, իրար ոտք ջարդել, ծեծել են խոստանում, իրար անպատվում, հայհոյում են, առաջին հերթին պետք է կարողանանք սա վերացնել: «Լուսավոր Հայաստանն» ամեն ինչ անելու է, որ համերաշխություն լինի, և համատեղ ուժերով կարողանանք առաջ շարժվել »,- ասաց նա ու հավելեց, որ հակառակ դեպքում, եթե ԼՀԿ-ն չունենա բավարար լծակ՝ զսպելու երկու կողմերից եկող լարվածությունը, շատ հնարավոր է, որ հունիսի 20-ից հետո լինեն բախումներ:
Անի Սամսոնյանն էլ հավելեց, որ անվտանգության կարևոր բաղադրիչը ԼՀԿ-ի համար պետական սահմանի պաշտպանությունն է: ԼՀԿ-ի պատկերացմամբ՝ պետական սահմանի պաշտպանությունը պետք է իրականացնեն ոչ թե ժամկետային զինծառայողները, այլ՝ պրոֆեսիոնալ պայմանագրայինները: «Եվ ամբողջ սահմանը պետք է կահավորվի ժամանակակից հատուկ ինժեներատեխնիկական սարքավորումներով, որպեսզի չբարձրանա հարցը, թե արդյոք Հայաստանն ունի՞ այդքան ռեսուրս, զինվոր, որ կարողանա պատերազմից հետո նոր ձևավորված սահմանը պաշտպանել»:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7-ին, կտևի մինչև հունիսի 18-ը: