Թույլ իշխանություն եք, ոչինչ չեք կարողանում անել, պահանջում ենք բոլորիդ հրաժարականը, Ալեն Սիմոնյանինը՝ առաջնահերթ. գերիների և անհետ կորածների հարազատները՝ իշխանությանը (տեսանյութ)
Գերիների վերաբերյալ բանակցություններում մենք ուժեղի դիրքերից հանդես չենք գալիս, գնում, ասում ենք՝ տվեք մեր գերիներին, մեր բանակցային դիրքերը փորձում ենք ամրապնդել այն միջազգային կոնվենցիաներով, որոնք գործում են պետությունների միջև: Այս մասին ԱԺ մուտքի մոտ գերիների ու անհետ կորածների հարազատների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Գերիների ու անհետ կորածների հարազատները նշեցին, թե դժգոհ են աշխատանքից, քանի որ մեկ տարուց ավելի սպասում են արդյունքի:
«Մեկ տարի երկու ամիս «կուտ ենք ուտում», ասում եք՝ գնացեք, մենք զբաղվում ենք: Վերջում էլ Ալենն ասում է՝ գերի չունենք, ու ադրբեջանական լրատվամիջոցներով ասում են՝ ՀՀ ԱԺ նախագահն ասել է՝ գերի չունեն»,- ասաց գերիների հարազատներից Արսեն Ղուկասյանը:
Գուրգեն Արսենյանը հարցրեց՝ հենց այս պահին ինչ կարող է անել, ինչին հետևեցին գերիների ու ահետ կարոծաների հարազատների արձագանքները, թե պետք է հրաժարական տան:
«Հրաժարական տվեք, Ալեն Սիմոնյանից սկսած: Հրաժարական ենք պահանջում արդյունք չտեսնելու համար: Բոլորիդ հրաժարականը, ոչ մի բան չեք անում, թույլ իշխանություն եք, ոչինչ չեք կարողանում անել, Ալեն Սիմոնյանի հրաժարականը՝ առաջնահերթ»,-ասացին ծնողները:
Tert.am