Սա իշխանությունների շոուն է ընդդեմ այն քաղաքացիների, ովքեր իրենց հայրենիքի պաշտպանության առաջին դիրքերում են։ Որևէ ձևով որևէ կապ Գերասիմ Վարդանյանի և այդ երևույթի միջև չկա, նրանք փորձում են Գերասիմ Վարդանյանից ստեղծել հանցավոր տարրի կերպար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով երեկ ԱԺ-ում իշխանական պատգամավորների և խմբակցության ՀՅԴ-ական պատգամավորների երեք օգնականների մասնակցությամբ միջադեպին։

Մինասյանի կարծիքով՝  իշխանությունները, նման միջադեպ հրահրելով, փորձում էին ուշադրություն շեղել մի շարք կարևոր օրակարգերից։

«Ակնհայտ է, որ այս արարքների թիվ մեկ պատասխանատուն պատգամավորներն են, նրանք ոչ միայն կանոնակարգ օրենքի կոպտագույն խախտումով են դրսևորել իրենց վարքագիծը, ավելին՝ իրենք կոնֆլիկտ հրահրելու և սադրանք գործադրելու ակնհայտ քայլեր են իրականացրել, որի իրավական գնահատականները պետք է տան իրավապահ մարմինները։ Պատգամավորներն իրենց պահել են սարսափելի փողոցային վարքագծով։ Այն անձիք, որոնք ներգրավված են եղել այս գործի մեջ, բոլորը պետք է բացատրություն տան»։

Մինասյանը նշեց, որ տեղի ունեցած միջադեպը հանրային նշանակություն ունի, և իշխանական պատգամավորների կողմից տուժողները ոչ թե առանձին անհատներ են, այլ հանրությունը։

«Եթե քրեական վարույթ իրականացնող մարմինը կփորձի դա տեղափոխել միջանձնային բնույթի հարցերից դաշտ, այդտեղ դնելու ենք մեր պահանջը, որ սա հանրային նշանակության հարց է։ Այս շրջանակներում ադրբեջանական մամուլի առաջին էջերում նյութեր են գնում, որ իրենց գործընկերները դաշնակցականների նկատմամբ պատժիչ գործողություններ են իրականացնում»։

Անդրադառնալով գերիների և անհետ կորածների հարցին՝ Մինասյանն ընդգծեց, որ այս հարցով հրավիրել էին հրատապ նիստ, որին հրավիրել  էին Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս այդպես էլ չէր ներկայացել։

«Եկել էին երկրորդական պաշտոնատար անձիք, որոնք չէին կարող պատասխանել այդ հարցերին։ Դրան գումարած այն հայտարարությունը, որ երեկ տարածվել էր համացանցում, այս հարցերին պետք է հստակ պատասխաններ հնչեն։ Մենք առաջարկել ենք հրավիրել հրատապ արտահերթ նիստ գերիների հարազատների մասնակցությամբ և կառավարության ներկայացուցիչների ներգրավմամբ, թող հնչեն հարցեր և տրվեն պատասխաններ։ Այս պահի դրությամբ այդ մասով դեռ չկա որևէ արձագանք։ Գերիների հարազատները նույնպես պահանջներ են առաջադրել, որ եթե այդ քննարկումը չնախաձեռնեն, իրենք այլ գործողությունների են դիմելու»։

Մինասյանը պնդեց, որ գործադիր իշխանությունը պարտավոր է խորհրդարանին ներկայացնել, թե ինչ գործողություններ է իրականացնում գերիներին և անհետ կորածների հայրենադարձելու և գտնելու ուղղությամբ։

«Եթե չլինի իշխանության արձագանքը, դա կնշանակի, որ այս իշխանությունները որևէ կապ չունեն մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների հետ»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն