Ռուբինյանի աշխատասենյակի մոտ տեսա շատ ուժեղ քաշքշուկ, վազելով մոտեցա, ՀՅԴ-ականին գրկել եմ, ասել՝ էս դռնով շուտ գնանք․ Սիսակ Գաբրիելյան (տեսանյութ)
Երբ հասա, արդեն նեղ միջանցք էր, մի տասը հոգի կային, տհաճ միջադեպ, տեսարան էր, ինձ համար անընդունելի էր։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած միջադեպին։
«Դատապարտում եմ, ցավալի միջադեպ է, անկախ նրանից ով ուզում է լինի։ Ես Հրաչյա Հակոբյանի հետ եղել եմ, բայց չէր կարող դրանից ինչ–որ բան լիներ։ Որքանով տեղեկացված եմ, չեմ կարող ասել՝ ում հրավերով, սակայն պարոն Ռուբինյանի սենյակում չի եղել։ Երկու կողմից օգնական է եղել, իրենք կասեն՝ ոնց են մեկը մյուսի սենյակում հայտնվել։ Ես գնում էի Ազգային ժողովի նախագահի մոտ, երբ հասել եմ պարոն Ռուբինյանի աշխատասենյակի մոտ, տեսա, որ շատ ուժեղ քաշքշուկ է, վազելով մոտեցա, մի տղա էր, կարծեմ դաշնակցական էր, իրեն գրկել եմ, ասել եմ՝ եղբայր այս դռնով շուտ գնա, հանել եմ, տարել եմ դուրս»,– ասաց նա և նշեց, որ իրենց խմբակցությունից պատգամավորներ տեսել է միջադեպի վայրում։
Սիսակ Գաբրիելյանը նաև նշեց, որ դատապարտում է բռնությունը և հավելեց, որ միջադեպի մանրամասներին չի տիրապետում։
Անդրադառնալով էթիկայի հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությանը՝ նա ասաց ․«Եթե էթիկայի հանձնաժողովը պետք է քննությունն ավարտի և ասի, որ դատապարտում ենք, շատ վատ միջադեպ է, այդ ամենն առանց ձևավորելու ես՝ որպես ֆրակցիայի անդամ, ասում եմ՝ շատ վատ երևույթ է»,– ասաց նա։ Պատգամավորի դիտարկմամբ՝ բոլոր գումարման Ազգային ժողովում եղել են ծեծկռտուքներ։
Ինչ վերաբերում է լրագրողի դիտարկմանը, որ միշտ նույն մարդիկ ենք ՔՊ–ից հայտնվում նման միջադեպերի կիզակետում, Սիսակ Գաբրիելյանն ասաց․ «Չգիտեմ ինչու է այդպես, բայց լավ չի, որ այդպես է, ուրեմն պետք է ձեր ասած մարդկանց հետ շատ ավելի շատ փորձենք խոսել, հասկանալ»։
Tert.am