«ՏԻՄ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի թիմը չհավաքեց 50+1 տոկոս: Այո, տեղեր կային, որտեղ իրենք տարան հաղթանակներ, սակայն այդ հաղթանակները շատ թույլ էին: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ Փաշինյանի թիմի արդյունավետությունը շատ ցածր է, որպես այդպիսին, ինքը նորմալ թիմ չունի: Չունի այնպիսի մարդիկ, ովքեր հեղինակություն կվայելեն համայնքներում, իսկ նրանք, ովքեր անցել են, ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե իշխանութունն ինչ առավելություններ է տալիս հատկապես իրենց պարագայում: Տեղ կար՝ հենց դեկտեմբերին որոշել էին ասֆալտ անել»,- ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ անդամ Հայկ Դերզյանը:

ՏԻՄ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով․ «Որքան էլ ակնհայտ է, որ մեր օրակարգի առաջնահերթությունները կապված են արտաքին մարտահրավերների հետ, այնուամենայնիվ պիտի արձանագրեմ, որ ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է և Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված:

Գիտեմ և հասկանում եմ տեսակետը, թե ավելի լավ է ընտրությունները կեղծվեին, բայց անվտանգության ավելի բարձր մակարդակ ունենայինք, բայց իմ համոզմունքը եղել է, կա և կլինի, որ հենց ընտրությունների կեղծման երկարամյա պրակտիկան է քայքայել 90-ականների սկզբին ձևավորվող պետական դիմակայունության համակարգը և շղթայական ռեակցիաներով հանգեցրել անվտանգային աղետների:

Պետականություն և պետական ինստիտուտներ. սա պետք է լինի մեր Ապագայի երաշխիքը»։

Անդրադառնալով Փաշինյանի այս գրառմանը՝ Հայկ Դերզյանը նշեց.

«Այսինքն, իր իշխանությունն ասոցիացնում է անվտանգության հետ: Կարծում եմ՝ որևէ մեկի համար չի կարող ակնհայտ չլինել, որ անվտանգության ընտրություններ եղել էին 2018թ. դեկտեմբերին և մեր քաղաքացիները, ցավոք սրտի, էյֆորիայի ներքո քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի օգտին, որից հետո մենք ունեցանք Արցախի կորուստ: Անվտանգության ընտրություններ էին 2021թ. հունիսին տեղի ունեցած ընտրությունները, որից հետո արդեն փաստացի մենք էլի տարածքային կորուստ ունեցանք: Այսինքն, պարտությունների շարքն ուղղակի շարունակվեց: Անվտանգության ընտրություն, որպես այդպիսին, իրականում դեռևս չի եղել: Իսկ դա այն ընտրությունն է լինելու, որտեղ Փաշինյանն ուղղակիորեն դուրս է մղվելու քաղաքական դաշտից: Ե՛վ ինքը, և՛ իր քաղաքական թիմը: Իսկ հրապարակումները՝ կապված Ալեն Սիմոնյանի հետ, ուղղակի հերթական անգամ փաստում են մեկ շատ կարևոր հանգամանք. այս իշխանությունների համար որևէ կերպ մեր գերիներին հետ բերելն իրենց գլխավոր օրակարգում չէ:

Կա մի պարզ ճշմարտություն. գերիներն իրենց համար բեռ են: Ընտրություններից առաջ ասացին՝ մի քանի ամիս կհամբերեն տղերքը, հիմա հայտարարել են՝ դե հասկանանք, ով ոնց է գերի ընկել: Այստեղ ոչ միայն տրամաբանություն, բարոյականություն էլ չկա: Այդ օրը, երբ ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի դատավճիռը պետք է հրապարակվեր, ցավոք, տապալվեց, ինչպես տեսանք: Կա մի պարզ երևույթ, երբ դու հայտարարություն ես անում, պետք է հասկանաս, որ այդ հայտարարությունը քո դեմ է օգտագործվելու: Բացարձակ պատահական չէր, որ դա տեղի ունեցավ երեկ, և ինչպես ժամանակին «նոր պատերազմ, նոր տարածքներ» արտահայտությունն էր օգտագործվել մեր դեմ՝ Ալիևի կողմից, այնպես, ինչպես «Արցախը Հայաստանն է և վերջ» արտահայտությունն էր օգտագործվել մեր դեմ, նույն կերպ սա է օգտագործվելու: Ասելու են՝ իրենք են հայտարարում, որ սա առաջնային հարց չէ իրենց համար»:

ՀՀԿ անդամի խոսքով՝ այն մարդիկ, ովքեր պատերազմ անցած լինեին, պետականաշինության մեջ մեծ ներդրումներ ունենային և նման հայտարարություններ տարածեին, կարելի էր ինչ-որ տեղ հասկանալ այն առումով, որ՝ գիտեք, պատերազմի ժամանակ կան չգրված խաղի կանոններ:

«Բայց, երբ ռազմաքաղաքական իշխանությունը, որն ամեն ինչ տապալել է, որը պետք է  դատվի տապալած գործընթացների համար, խոսում է  այն մասին, որ դեռ պետք է հասկանանք՝ ոնց  է եղել, կարող  է՝ զենքը թողել է: Իսկ դու զինվորին համապատասխան ձևով ապահովե՞լ ես. տեխնիկայով, վայրով, որտեղ պետք է կանգնի: Վրաններո՞ւմ են կանգնում: Եկեք, դուք մի հասկացեք՝ տղերքը դատվելո՞ւ են, թե՞ ոչ, որովհետև առաջինը դուք եք դատվելու՝ ձեր ողջ անպիտան թիմով: Ալեն Սիմոնյանի կողմից արված արտահայտությունը շատ հանգիստ օգտագործվելու է մեր դեմ»,- հավելեց Հայկ Դերզյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն