Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի ամբողջական դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության իրականացման ընթացքը:

ՀՀԿ անդամ  Նարինե Մեհրաբյանի խոսքով՝ Սոչիում եռակողմ հանդիպման ժամանակ որևէ անդրադարձ չի եղել երկու կարևոր կետերին:

«Արցախում ազգերի ինքնորոշման սկզբունքը բանակցային սեղանից դուրս թողնելն անթույլատրելի է: Ազգերի ինքնորոշումն այլընտրանք չունի: Եթե բանակցային գործընթացի այս փուլում այդ կարևոր կետի շուրջ բանակցային գործընթացը կաղա, ապա հետագայում երբ գործընթացները շաղախված կլինեն ամփոփ տեսք ունենալու փուլին, չենք կարող բանակցային սեղան վերադարձնել ազգերի ինքնորոշման իրավունքը: Բանակցային սեղանից դուրս է մնացել նաև Արցախի կարգավիճակի հետ կապված կարևորագույն խնդիրը»,- ասուլիսի ժամանակ ասաց Նարինե Մեհրաբյանը:

ՀՀԿ անդամը նշեց, որ դեռևս լուծված չէ նաև գերիների վերադարձի խնդիրը:

«Կարելի էր նախապայման դնել, և կոմունիկացիաների բացումից առաջ կա 8-րդ կետը նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որ մինչև գերիների հարցը չլուծվի՝ չանդրադառնալ կոմունիկացիաների բացմանը: Արձանագրենք, որ ունենք բաց թողնված հնարավորություններ: Կարևորում եմ ՌԴ-ի հետ հարաբերությունները: Ռուսաստանը միջազգային հանրությանը ցույց տվեց, որ չի պատրաստվում զիջել իր դիրքերը տարածաշրջանում: ՌԴ-ի հետ հարաբերություններում շատ կարևոր է՝ խուսափել միջազգային սկանդալներից, չանել երկկողմ հարաբերությունները վնասող հայտարարություններ: Կարևոր է աշխատել նաև Իրանի հետ, որովհետև պարտավոր ենք մեր հարևան պետությունների հետ հստակ և թափանցիկ քաղաքականություն վարել: Չմտածված ցանկացած հայտարարություն կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, որ շատ երկար ժամանակ չկարողանանք  սրբագրել և Հայաստանի պետական շահին համապատասխանող իրավիճակ ստեղծել»,- եզրափակեց Նարինե Մեհրաբյանը:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն