ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ գերիների և անհետ կորածների հարազատները, որոնք  ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ Ալեն Սիմոնյանի կատարած հայտարարության դեմ, ասել են, որ եթե պատշաճ արձագանք չլինի իրենց խնդրին, ապա գնալու են ավելի ռադիկալ քայլերի:

«Անկեղծ ասած՝ չգիտեմ, ինչ նկատի ունեն՝ ավելի ռադիկալ քայլեր ասելով, մանրամասներ չեն ասել: Ընդդիմությունը հայտարարել է, որ մենք իրենց կողքին ենք, սատար ենք կանգնելու իրենց արդարացիորեն բարձրացրած խնդրի լուծման հարցում: Հետագա քայլերի հետ կապված ես ոչինչ չեմ կարող ասել, որովհետև դա իրենց պահանջն է, իրենց գործողություններն են, մեզ մնում է  միայն լինել իրենց կողքին»,- նշեց Էլինար Վարդանյանը:

Գերիներից բացի, Ադրբեջանում պահվում են անհայտ թվով քաղաքացիական անձինք, նրանց ճակատագրի առնչությամբ պատգամավորը նախ ասաց, որ ԱԺ նախագահի հայտարարությունը որևէ կերպ պետությանը չի ազատում պատասխանատվությունից և պարտավորությունից՝ զբաղվելու գերիների ու ռազմագերիների խնդրով:

«Նման անպատասխանատու հայտարարությունը չի կարող պատճառ ու հիմք դառնալ պետության անգործության համար: Պետությունը պատասխանատու է իր յուրաքանչյուր քաղաքացու համար: Պետությունը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի ռազմագերու կարգավիճակում գտնվող մեր քաղաքացիները լինեն Հայաստանում: Իսրայելի օրինակը մի փոքր տարբերվում է այն ամենից, ինչն ասում է Ալեն Սիմոնյանը, որովհետև Իսրայելը, ի տարբերություն իրենց, մեկ գերու համար պատրաստ է գնալ լուրջ զոհողությունների:  Խոսքը ՀՀ քաղաքացու մասին է»,- հավելեց նա:

Պատգամավորը գնահատմամբ՝  նման հայտարարությունները շատ վտանգավոր են, իշխանության որդեգրած վարքագծի սկզբնաղբյուրն ԱԺ ամբիոնից արված Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է:

«Դրանից հետո սկսեցին այս գիծը զարգացնել, զարգացրեց Արծրուն Հովհաննիսյանը՝ իր գրառմամբ, հետագայում՝ նաև Ալեն Սիմոնյանը: Սա, թերևս, պատասխանատվությունն իրենց վրայից գցելու փորձ է, նման փորձով պետությունը պատասխանատվությունից չի ազատվելու»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է ամիսներ առաջ, նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի արած մեկ այլ հայտարարությանը, թե պատրաստ է իր որդուն հանձնել Ադրբեջանին, միայն թե Ադրբեջանն ազատ արձակի բոլոր գերիներին, Էլինար Վարդանյանն ընդգծեց. «Ես արդեն հոգնել եմ կամ հրաժարվում եմ մեկնաբանել Փաշինյանի հակասական հայտարարությունները: Փաշինյանի գլխում կատարվողը որևէ բանականության մեջ չի տեղավորվում: Չկա  որևէ հայտարարություն, որ կանի Փաշինյանը, և հաջորդ հայտարարությունը չի հակասի նախորդին»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն