«Երբ մենք խոսում ենք պատերազմի մասին, ամեն ինչ այդքան տրիվիալ և միարժեք չէ»,- 168.am-ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար Դանիել Իոաննիսյանն այսպես արձագանքեց գերիների մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի աղմկահարույց հայտարարություններին։ 

Իրավապաշտպանը նկատեց՝ մարդիկ երբեմն հանձնվում են մեռնել կամ գերի հանձնվելու երկընտրանքի առջև, իսկ այդ դեպքերում, ըստ նրա, բնական է, որ մարդ նախընտրում է ապրել:

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի՝ «ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան», «էդ մարդիկ դասալքություն են արել» արտահայտություններին և դիտարկմանը, թե ԱԺ նախագահը փաստացի ՀՀ քաղաքացիների հասցեին մեղադրանքներ է հնչեցրել առանց մեզ հայտնի հարուցված քրեական գործերի՝ Դանիել Իոաննիսյանն արձագանքեց.

«Այդ մարդը հրապարակված զրույցի ընթացքում շատ ստեր է ասել: Նախ սկսենք նրանից, որ, որքանով ինձ հայտնի է, կամովին գերի հանձնվելու՝ ՔՕ 381 հոդվածով նույնիսկ հարուցված քրեական գործ չկա: Ի՞նչ է խոսում էլի. հարուցված քրեական գործ չկա նույնիսկ՝ արդեն մեղադրական վճիռնե՞ր է ասում:

Դա չի նշանակում, որ մենք բոլոր դեպքերում շատ նորմալ պետք է վերաբերվենք նրան, որ մարդիկ գերի են հանձնվում. դա ոչ բոլոր դեպքերում է, որ նորմալ է: Երբեմն իրապես դժվար է գնահատել, բայց ամեն դեպքում, այն խոսքերը, որոնք հնչել են Ալեն Սիմոնյանի կողմից, ընդունելի չեն»:

Ի դեպ, մեր զրուցակիցը միամտություն է համարում կարծելը, թե Ալեն Սիմոնյանն իր այս աղմկահարույց հայտարարության հետևանքները գիտակցելով՝ հրաժարական կներկայացնի:

Հիշեցնենք՝ շուրջ մեկ ամիս առաջ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր նաև գերիների մասին հարցադրմանը՝ նշելով, որ ժամանակն է՝ պատշաճ հետաքննվի գերեվարման յուրաքանչյուր դեպք: Վարչապետը հավելել էր, որ զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն:

Սա իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը որակել էր՝ «խորը անգրագիտություն է և միջազգային մարդասիրական նորմերի բացարձակ չիմացություն»։

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն