Գերիների թեման հանրային առումով պետք է շոշափել հնարավորինս քիչ. ԱԺ փոխնախագահ
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը գերիների թեման շատ նուրբ և զգայուն է համարում։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Ռուբինյանը ներկայացրեց, թե որն է գերիների թեմայի նրբությունը և բազմաշերտ լինելը։
«Առաջինը՝ մենք միանշանակ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ադրբեջանը ապօրինի կերպով և նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունների խախտմամբ պահվող գերիներին անհապաղ վերադարձնի Հայաստան։ Սա քննարկման ենթակա չէ, սա բոլորը նշել են և շարունակում են նշել։ Երկրորդ՝ գերիների գերի ընկնելու հանգամանքները պետք է պարզել։ Ինչո՞ւ կա քրեական օրենսգիրք, նաև զինվորականների մասով, որպեսզի կանոնակարգված լինի Հայաստանի պաշտպանությունը։ Եվ շատ կարևոր է ճշտել, թե այս կամ այն իրադարձությունը ինչու է տեղի ունեցել։ Երրորդ՝ ռազմագերիների թեման հանրային առումով պետք է շոշափել հնարավորինս քիչ։ Ինչո՞ւ, որովհետև նախ Ադրբեջանը փորձում է մեր ռազմագերիներին օգտագործել որպես պատանդ մեր դեմ, որպես շանտաժի միջոց մեր դեմ։ Եվ մեր ցանկացած քննարկում օգնում է Ադրբեջանին, որ դա անի»,- ասաց Ռուբինյանը։
Ըստ ԱԺ փոխնախագահի՝ մի կողմից չեն ուզում, որպեսզի որևէ քաղաքացի գերության մեջ լինի կամ իրեն նսեմացված զգա, մյուս կողմից՝ շատ կարևոր է, որպեսզի հանրությունը իմանա և նաև զինծառայողները իմանան՝ գերի ընկնելը լավ բան չէ, որովհետև դա չի օգնում, որ ՀՀ պետական սահմանները լինեն պաշտպանված։
Armenpress.am