Ալեն Սիմոնյանը գերիների մասին ասում է մոտավորապես նույնը, ինչ ես հիմա ասացի
«Գերիների թեման շատ նուրբ և բազմաշերտ է։ Մենք միանշանակ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ադրբեջանում ապօրինի կերպով և նոյեմբերի 9-ի հայտարարության խախտմամբ պահվող գերիներն անհապաղ վերադարձվեն Հայաստան, սա քննարկման ենթակա չէ»։
Այս մասին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութին և գերիների վերաբերյալ հնչեցված կարծիքին․«Գերիների գերի ընկնելու հանգամանքները միշտ պետք է պարզվեն` ինչու է այդպես տեղի ունեցել։ Իմ անձնական կարծիքն այն է, որ ռազմագերիների թեման հանրային առումով պետք է շոշափել հնարավորինս քիչ, որովհետև Ադրբեջանը փորձում է մեր ռազմագերիներին օգտագործել որպես պատանդ և որպես շանտաժ մեր դեմ։ Մեր ցանկացած քննարկում օգնում է դրան։ Մենք չենք ուզում, որ մի կողմից գերի ընկած զինվորներն իրենց նսեմացած զգան, մյուս կողմից ուզում ենք, որ մեր հանրությունը և զինծառայողները իմանան, որ գերի ընկնելը լավ բան չէ»,- ասաց նա։
Ռուբինյանը շեշտեց՝ հրապարակված տեսանյութը Ալեն Սիմոնյանի հայտարարությունը չէ այն իմաստով, որ Ալեն Սիմոնյանը ոչ մի տեղ չի կանգնել և հայտարարություն արել, դա թաքնված տեսանկարահանում է մասնավոր զրույցից․«Նորից եմ կրկնում, այս թեման շատ նուրբ թեմա է, գերիներին ո՛չ պետք է հերոսացնել, ո՛չ նսեմացնել։ Մենք պետք է հաջողենք այնպիսի հանրային դիսկուրս ծավալել, որպեսզի մեր զինծառայողները հակված չլինեն առանց պայքարի գերի հանձնվել և նաև պետք է ջանք գործադրենք, որ վերադարձող գերիների արժանապատվությունը չնսեմանա։ Իմ տեսած ամբողջական տեսանյութում Ալեն Սիմոնյանն ասում է մոտավորապես նույնը, ինչ ես հիմա ասացի։ Հիմա այն, ինչ ես ասացի, կարող էի նույն բովանդակությամբ այնպես ձևակերպել, որ սկանդալային հնչեր»,- ասաց նա։
Պատասխանելով այն հարցին` արդյոք նման հայտարարությունները չեն դժվարացնում միջազգային ատյաններում գերիների վերադարձի գործընթացին, Ռուբինյանն ասաց. «Գերիների մասով Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն առավել քան լեգիտիմ է և բխում է միջազգային իրավունքից։ Որևէ հայտարարություն, ճիշտ կամ սխալ, չի կարող ազդել դրա վրա։ Փաստ է, որ Ադրբեջանը պարտավոր է վերադարձել մեր բոլոր ռազմագերիներին»։
Hraparak.am