Սոչիում կայացած հանդիպման արդյունքով հրապարակված եռակողմ հայտարարության մեջ դեմարկացիային վերաբերող հատվածը հետևյալն է, որ կողմերը պայմանավորվել են ստեղծել մեխանիզմներ իրավիճակը հանդարտեցնելու համար և գործը տանել դեպի դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ստեղծում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Այդ հայտարարությամբ չի ֆիքսվում հանձնաժողովի ստեղծում, ֆիքսվում է երկու բան, որ կողմերը պետք է ստեղծեն պայմաններ, որ լարվածությունը թուլանա և գործը տանեն դեպի հանձնաժողովի ստեղծում»մ– ասաց նա։

Ռուբեն Ռուբինյանը չցանկացավ մեկնաբանել ՌԴ արտգործնախարարության կողմից Ալեն Սիմոնյանի հնչեցրած «Լավրովի պլան» արտահայտությունը անհեթեթություն որակելուն` նշելով, որ այդ մասով Սիմոնյանը մեկնաբանություն տվել է։ Ինչ վերաբերում է Ալիևի կողմից պարբերաբար հնչեցվող «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը և եռակողմ պայմանավորվածությունների հնարավոր խախտմանը, Ռուբինյանն ընդգծեց.

«Սոչիի եռակողմ հանդիպման ավարտից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ֆիքսվել է, որ կողմերը նույն կերպ են տեսնում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը։ Ֆիքսվել է, որ այո միջանցքային տրամաբանություն չի լինելու, որ ցանկացած ճանապարհ, որ անցնում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքով, պետք է լինի համապատասխան ինքնիշխանության ներքո։ Տարակուսելի է, որ դրանից հետո եղավ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որը ամբողջությամբ հակասում էր Սոչիի հանդիպման արդյունքով ֆիքսված պայմանավորվածություններին»։

Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ միջանցքի հարցը երբեք չի եղել օրակարգում և չի կարող լինել։ «Հունվարի 11-ին Մոսկվայում և նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած հանդիպումների ընթացքում երբևիցե միջանցքային տրամաբանություն չի քննարկվել։ Միջանցք ասելով պետք է հասկանալ երկու բան, մեկը տրանսպորտային միջանցք, նույն «Հյուսիս-հարավն» էլ կարող ենք համարել միջանցք, բայց դա, ըստ էության, նույն ճանապարհն է, ուղղակի բառի հոմանիշային տարբերությամբ։ Բայց կա միջանցքի մեկ այլ կոնտեքստ, որը, ըստ մեր ընկալման, նկատի ունեն ադրբեջանցիները, երբ օգտագործում են։ Դա ճանապարհն է, որն ունի սուվերենային այլ կարգավորում, այսինքն, որ օրինակ այդ միջանցքը չի գտնվում X երկրի ինքնիշխանության ներքո։ Այդ տրամաբանությունը մեզ համար երբեք ընդունելի չի եղել։ Մինչ այս պահը, բանակցությունների տրամաբանությունը եղել է այն, որ տարածաշրջանային ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն, այդ թվում բուն Ադրբեջանից Նախիջևան կապ»։

Խոսելով Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի մասին, Ռուբինյանն ասաց. «Նոյեմբերի 9-ից հետո ստեղծվեց իրավիճակ, երբ Հայաստանի զինված ուժերը հետ քաշվեցին Խորհրդային Հայաստանի սահմանները։ Որպեսզի մենք հնարավորություն ունենանք միջազգային հանրությանն ասել, որ Սև լճում, Վերին Շորժայում ադրբեջանցիները ագրեսիա են իրականացրել և ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք, մենք պետք է ֆիքսենք, թե որն ենք համարում Հայաստանի սահման։ Խորհրդային որևէ քարտեզներով Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածները, ցավոք, չեն գտնվում Հայաստանի տարածքում։  Եթե կհիշեք, Ադրբեջանը մաքսակետեր տեղադրեց նոյեմբերի կեսերին այն բանից հետո ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը եղել էր Հայաստանում և հրապարակային հայտնել  հետևյալը. «Երեք երկրների փոխվարչապետների հանձնաժողովը քննարկում է ճանապարհների բացումը հետևյալ տրամաբանությամբ, որ այդ ճանապարհները պետք է լինեն այն երկրի ինքնիշխանության ներքո, որի տարածքով անցնում են և համապատասխան ներպետական ընթացակարգերով պետք է տեղի ունենա երթևեկությունը»։ Այդ ճանապարհի վրա Ադրբեջանի մաքսակետի տեղադրումը ռեակցիան էր այս փաստի ֆիքսմանը։ Մինչ այդ Ադրբեջանը փորձում էր Գորի-Կապան ճանապարհը ներկայացնել, որպես իր կողմից տրված ճանապարհ միջանցքային տրամաբանությամբ, որի դիմաց նրանք ցանկանում էին ստանալ մեր կողմից տրվելիք ճանապարհ նույն տրամաբանությամբ։ Այդ մաքսակետի տեղադրումը այնքան էլ վատ փաստ չէ, որովհետև այդպիսով ոչ թե մենք մտանք Ադրբեջանի միջանցքային տրամաբանության մեջ, այլ Ադրբեջանը մտավ մեր` ոչ միջանցքային տրամաբանության մեջ»։

Ռուբեն Ռուբինյանը հավելեց, որ «Հայաստան» խմբակցության կողմից հնչեցվում է կարծիք, որ հայ-ադրբեջանական սահման չկա, սակայն իր կարծիքով այն կա և ՀՀ-ի համար ավելի բարենպաստ է այդ տեսակետը։ «Երբ դու ասում ես՝ չկա սահման, դա անխուսափելիորեն հեղհեղուկացնում է շփման գիծը։ Սահմանի հեղհեղուկությունը ձեռնտու է այն կողմին, որը ավելի ագրեսիվ է և ունի ծավալապաշտական նկրտումներ։ Հետևաբար՝ մեզ համար շատ կարևոր է ֆիքսել, որ կա հայ–ադրբեջանական սահման։ Մեր բնակավայրերը մեկուսացման մեջ չեն հայտնվել այս ամենի արդյունքում, դժվարություններ բնականաբար առաջացել են, բայց բնակավայրերը շրջափակման մեջ չեն հայտնվել»։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն