«Մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները կօգտագործվեն սպառնալիքները վերացնելու համար». ՌԴ-ն ԱՄՆ-ին բողոքի նոտա է հղել՝ նախազգուշացնելով ՆԱՏՕ-ի սադրանքների վտանգավոր հետևանքների մասին
ՌԴ ԱԳՆ-ն չորեքշաբթի բողոքի նոտա է հղել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը՝ նախազգուշացնելով Ռուսաստանի սահմանների երկայնքով սադրանքների վտանգավոր հետևանքների մասին։ Այս մասին հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ակտիվությունը Ռուսաստանի սահմանների երկայնքով, ներառյալ ռազմական ինքնաթիռների թռիչքները և ռազմածովային նավերի վտանգավոր զորավարժությունները, շարունակում են թափ հավաքել։ Մեր սահմանների պաշտպանության համակարգի ուժը փորձելու փորձերից ամերիկյան զինվորականները և ՆԱՏՕ-ի նրանց դաշնակիցներն անցել են քաղաքացիական ինքնաթիռների դեմ սադրանքներին, ինչը վտանգում է օդային տարածքի անվտանգությունը և մարդկային կյանքերը։ Այս սադրիչ գործողությունների կապակցությամբ դեկտեմբերի 8-ին Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը բողոքի նոտա է տրվել՝ զգուշացնելով նման անխոհեմության վտանգավոր հետևանքների մասին»,- ասվում է Զախարովայի՝ ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված մեկնաբանության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ Մոսկվան, իրեն իրավունք վերապահելով արձագանքել ԱՄՆ-ի և նրանց գլխավորած ՆԱՏՕ-ի անդամների համապատասխան մարտահրավերներին, կոչ է անում առարկայական երկխոսություն սկսել անվտանգության երաշխիքների շուրջ և քննարկել ռազմաքաղաքական լարվածությունը նվազեցնելու ուղիները, ներառյալ օդում և ծովում վտանգավոր միջադեպերի կանխարգելման տարբերակները:
«Հակառակ դեպքում, մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները կօգտագործվեն ի հայտ եկած սպառնալիքները կանխելու և վերացնելու համար», - ասել է դիվանագետը։
Tert.am