Այսօր Ազատագրական շարժումը բողոքի ակցիա էր իրականացրել ՀՀ արտգործնախարարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, որպեսզի վերջինս պարզաբանում ներկայացնի, թե ինչ գործընթացներ են սկսել, քանի որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում գրեթե հաստատեց Արցախը հանձնելու իր մտադրությունը։

«Այդ տարածքները հանձնել են փողկապով մարդիկ, ոչ թե զինվորները, զինվորները չեն հանձնել։ Ստորագրվեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որ իբրև խաղաղության նախապայման, դրան շատ քաղաքացիներ հավատացին, բայց այսօր այնպիսի վիճակ են ստեղծել, որ մենք հայրենիքում անցնում ենք «ադրբեջանական» տարածքով։ Եթե հիմա թողնենք, որ այս մարդը տարածքները հերթով հանձնելով գնա, մենք վերջում մեր հայրենիքը կորցնելու ենք, կորցնելու ենք պետականությունը և ունենալու ենք պատերազմ։ Մենք վստահ ենք, որ սրանք ադրբեջանանպաստ գործողություններ են իրականացնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը։

Ակցիայից գրեթե մեկ ժամ անց Արտգործնախարարությունից որևէ մեկը չարձագանքեց ակցիայի մասնակիցների պահանջին, որից հետո ոստիկանները մոտեցան նրանց և հորդորեցին լքել ԱԳՆ շենքի նախասրահը՝ հիմնավորելով, որ խոչընդոտում են բնականոն աշխատանքը։ Որոշ ժամանակ անց ոստիկանները ներսում գտնվողներից շատերին բերման ենթարկեցին։

168.am–ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ ոստիկանություն բերման է ենթարկվել 13 անձ։

«13 անձ ԱԳՆ-ի մոտից բերվել է ոստիկանություն, հիմքը Վարչական օրենսգրքի 182 հոդվածն է՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը»,- նշեց Էդգար Ջանոյանը։

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն