Սահմանազատման և սահմանագծման մասին «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը քննարկվում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում։ Հիմնական զեկուցող «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց, որ իրենց խմբակցությունն առաջարկում է այս հարցով դեկտեմբերի 15-ին ԱԺ արտահերթ նիստ գումարել։

«Նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրավիճակը թույլ է տալիս եզրակացնել, որ Ադրբեջանն իր պարտավորությունները չի կատարում։ Ավելին, ՀՀ սահմաններում սադրանքներ է իրականացնում։ Այս պայմաններում այսպես հապճեպ ու արագ գնալ սահմանազատման ու սահմանագծման, նաև հարվածի տակ դնել Արցախի ճակատագիրը, անընդունելի է։ Մենք խաղաղությանն ու սահմանազատմանը դեմ չենք, բայց դրա համար պայմաններ պետք է լինեն։ Մենք դատապարտում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունները, դատապարտում ենք այն, որ իրենք իրենց պարտավորվածությունները չեն կատարում և նաև արձանագրում ենք այդ ամենը։ Ստեղծված իրավիճակում Ազգային ժողովը՝ որպես խորհրդարանական կառավարման հիմնական օղակ և գործառույթներով խորհրդարանական վերահսկողություն իրականացնող, պահանջում է, որպեսզի արտահերթ նիստ անցկացնենք, գործադիրը գա ու ներկայացնի իրավիճակն ու հաշվետվություն տա»,- ասաց Օհանյանը։

Ըստ Օհանյանի՝ ամեն ինչ պետք է իրականացվի ՀՀ և միջազգային համապատասխան օրենսդրական ընթացակարգերի համաձայն, ոչ ոք չի կարող բանավոր կամ գրավոր այնպիսի համաձայնություններ ներկայացնել, որը կխախտի մեր Սահմանդրությունը։

«Գործադիրի ղեկավարը վերջին ու հարց ու պատասխանի ժամանակ ասաց, որ արդեն 2016 թվականին հայտնի էր, որ Արցախը Ադրբեջանի կազմից դուրս բերելու որևէ հնարավորություն չկար։ Այդ դեպքում ինչո՞ւ էինք 2018 թվականին պնդում, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Մեր երկրորդ պահանջն այն է, որ որևէ սահմանազատման ու սահմանագծման հարցում գործողություններ չպետք է լինեն, որոնք կխարխլեն Արցախի ինքնիշխանությունը, իր իսկ պատմական տարածքում ապրելու օրինական պահանջը։ Եվ ամենակարևորը՝ պետության անվտանգության ազգային ու միջազգային երաշխիքների ձևավորման հարցում մենք պահանջում ենք, որպեսզի համապատասխան արագ տեմպերով քայլեր իրականացվեն։ Բանակի վերականգնման, անվտանգության համակարգի արագ ձևավորման, սահմանների պաշտպանության ուղղությամբ արագ քայլեր պետք է իրականացվեն»,- հավելեց նա։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն