Սեյրան Օհանյանը չի ընդունում ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանի որոշումը
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չի ընդունում ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանի որոշումը, ըստ որի՝ կալանք է դրվել իր ընտանիքին պատկանող գույքի վրա։ «Ինձ հրավիրել են դատախազություն, բայց այս քառօրյայի շրջանակներում ես զանգել ու ասել եմ՝ հետո կներկայանամ։ Այն, ինչ ես հայտարարագրել եմ, այն էլ ես ունեմ կամ ինչ հայտարարագրել է իմ ընտանիքը, այդ գույքին էլ մենք տիրապետում ենք։ Այն, ինչ իրենք ուզում են ներկայացնել, նախկինում էլ ինձ մեղադրանք առաջադրել են, որը ես չեմ ընդունում և գտնում եմ, որ ապօրինի է»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Օհանյանը։
Նա նշեց, որ տեղյակ չէ, թե որ գույքն է կալանքի տակ, քանի որ դեռ չի ներկայացել Գլխավոր դատախազություն։
Նշենք, որ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց մերձավորների գույքի վրա՝ բավարարելով դատախազության միջնորդությունը: Մասնավորապես, Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, նրան առնչվող անձի՝ Ժակ Ֆովոյի ձեռք բերած գույքի օրինականությունը:
Lragir.am