Այդ կարևոր դիրքերը պետք է մեր ձեռքին լինեն, այսպես չի կարող շարունակվել․ Գեղամասարի ղեկավար
Բաքվի զինված ուժերն այսօր հարձակում են գործել Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ համայնքների ուղղությամբ։ Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մարգարյանը Lragir.am-ի հետ զրույցում ասա՝ հակառակորդի կողմից վերջին երեք օրերին հարձակման փորձեր են լինում։
«Լարվածություն կա, այն գիտենք, որ այսօր հերթափոխ պետք է լինի, բայց ինչ-որ հատված կա, որն իրենց վերահսկողության տակ է, մեր ավտոմեքենան չի կարողանում անցնել, որ տղաները հերթափոխ անեն։ Հենց մեքենան մոտենում է, կրակում են»,- ասաց նա։
Վարդան Մարգարյանի խոսքով՝ մարդիկ սպասողական վիճակում են։ «Մարդկանց տրամադրությունները լավ չէ, մեկը լարվում է, մյուսն ասում է՝ եկեք գնանք ինչ-որ գործողություն էլ մենք անենք, մինչև երբ պետք է այսպես շարունակվի։ Ես մի բան գիտեմ, որ այդ կարևոր դիրքերը պետք է մեր ձեռքին լինեն, որ այս վիճակի մեջ չընկնենք։ Այդ բարձունքները պետք է մեր ձեռքին լինեին, մենք պետք է կամ չթողնեինք այդ բարձունքները, կամ պետք է մտածենք, թե ոնց անենք, որովհետև այսպես չի կարող շարունակվել, մեկ օր չէ, հինգ օր չէ, մեկ ամիս չէ, միշտ այս վիճակն է»,- ասաց Վարդան Մարգարյանը։
Ըստ ՊՆ հաղորդագրության՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։ Հայկական կողմն ունի մեկ զոհ, մի քանի վիրավոր։
Lragir.am