ՍԴ-ի որոշումը եկավ փաստելու, որ մեր գործընկերները կալանավորված էին քաղաքական որոշման արդյունքում. Էլինար Վարդանյան
Սահմանադրական դատարանի այս որոշումը միանշանակ սպասելի էր, որովհետև գործընթացը, որ տեղի էր ունեցել մեր գործընկերների հետ, ակնհայտորեն հակասահմանադրական էր։ Ակնկալել որևէ այլ որոշում, կնշանակեր, որ ՀՀ-ում ընդհանրապես չի գործում Սահմանադրությունը, և Հայաստանն էլ, որ հռչակված է իրավական պետություն, ամենևին որևէ աղերս չունի իրավական պետության հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավագետ Էլինար Վարդանյանը`անդրադառնալով Սահմանադրական դատարանի կողմից հրապարակված որոշմանը պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ, որի հիմքով քիչ առաջ ազատ է արձակվել նաև Արմեն Չարչյանը։
«Գործընթացները, որ գնացել էին մինչ այդ, իսկապես հակաիրավական էին և այս որոշումը եկավ ևս մեկ անգամ փաստելու, որ մեր գործընկերները կալանքի տակ են եղել քաղաքական որոշման արդյունքում»,- ասաց նա։
Անդրադառնալով դաշինքի կողմից միջազգային պատվիրակությունների նիստերին մասնակցելուց հրաժարվելուն` մինչև կալանավորված պատգամավորների ազատ արձակումը, Վարդանյանը նշեց.
«Մենք խնդիր ունենք նաև մեր մնացած գործընկերների հետ, որոնք անցնում են մի շարք քրեական գործերով, և նրանցից շատերը ընդգրկված են մի շարք միջազգային պատվիրակություններում։ Նրանք զրկված են այդ պատվիրակությունների նիստերին մասնակցելու և Հայաստանի շահերը ներկայացնելու հնարավորությունից։ Ակնկալում եմ, որ առաջիկայում այդ հարցը պետք է լուծվի, որպեսզի մարդիկ, ովքեր իսկապես կարող են ներկայացնել Հայաստանի շահերը, հնարավորություն ունենան պատշաճ կերպով ներկայացնել»
Վարդանյանը չբացառեց, որ Դատախազությունը կարող է միջնորդություն ներկայացնել կալանավորված պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով։
«Պետք է նշել, որ քրեական դատավարության կարգավորումներին համապատասխան կալանքի միջնորդություն ներկայացնելուց առաջ պետք է հիմնավորվի, թե ինչ նոր ի հայտ եկած հանգամանք կա, որով պայմանավորված՝ այդ անձինք պետք է վերցվեն կալանքի, այս պահին այդպիսի հանգամանք գոյություն չունի»,- ասաց Էլինար Վարդանյանը։
Tert.am