Դեմ չենք սահմանագծմանն ու սահմանազատմանը, բայց դրա համար պայմաններ են պետք․ Օհանյան
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ի արտահերթ նիստում քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:
Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկայացրել է հայտարարության նախագիծ մշակելու դրդապատճառներն ու հիմք հանդիսացած խնդիրները: «Նախորդ տարվա նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրավիճակը թույլ է տալիս եզրակացնել, որ Ադրբեջանն իր պարտավորվածությունները չի կատարում եւ դեռ ավելին` հայ-ադրբեջանական սահմանին իրականացնում է սադրանքներ, որոնք խարխլում են այն խաղաղության վիճակը, որի մասին մենք մտածել էինք: Եվ այս պայմաններում այսպես հապճեպ, արագ գնալ սահմանազատման եւ սահմանագծման` հարվածի տակ դնելով Արցախի ճակատագիրը` անընդունելի ենք համարում»,- մասնավորապես նշել է նա` հավելելով, որ խմբակցությունը դեմ չէ սահմանագծմանն ու սահմանազատմանը, սակայն դրա համար պայմաններ են պետք: Նա նաեւ ընդգծել է, որ, մասնավորապես, հայտարարությամբ խմբակցությունը դատապարտում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սանձազերծած պատերազմական գործողություններն ու իրենց պարտավորվածությունները չկատարելը:
Հարակից զեկուցող Մարիա Կարապետյանի խոսքով` քննարկվող նախագիծը խմբակցությունը չի լրամշակել, եւ այսօր էլ դրանում առկա են անընդունելի դրույթներ: Պատգամավորի գնահատմամբ` նախագիծն առավելապես ներքաղաքական է, եւ այն որեւէ կերպ չի նպաստելու ՀՀ Կառավարության դիրքերի ուժեղացմանը բանակցային գործընթացում: Նա գործընկերներին առաջարկել է հավանություն չտալ հայտարարության նախագծին:
Քննարկման արդյունքում հանձնաժողովը հայտարարության նախագծին բացասական եզրակացություն է տվել:
Armeniatoday.news