Ռուբեն Ռուբինյանը խեղաթյուրում է քարտեզագրի խոսքն ու կեղծ լուրեր է տարածում
Դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանին հանձնված տարածքները որևէ քարտեզով Հայաստանի Հանրապետությանը չեն պատկանել։
«Խորհրդային ժամանակների որևէ քարտեզով Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածը չի գտնվում Հայաստանի տարածքում, ցավոք»։
Լրագրողի դիտարկմանը, թե քարտեզագետների պնդմամբ՝ Փաշինյանի հնչեցրած Էյվազլին ԽՍՀՄ-ը 1940 թվականին է տվել Ադրբեջանին, Ռուբեն Ռուբինյանը հակադարձել է.
«Լավ էլի, ես էլ ձեզ մի գաղտնիք ասեմ, վերջերս խոսում էի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Ինքը լուրերով տեսել էր մի քարտեզագետի, հատուկ կանչել էր իր մոտ, ասել էր՝ խնդրում եմ բացատրեք՝ այդ ի՞նչ քարտեզ է, որ օգտագործենք, պարզվել էր՝ էդպիսի բան չկա»։
168.am-ը հավաստի տեղեկություններ ուներ, որ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպել է քարտեզագիր Ռուբեն Գալչյանը, ուստի հենց նրանից էլ փորձեցինք ճշտել՝ արդյոք ճի՞շտ է ասում Ռուբինյանը, Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ, որպես քարտեզագիր՝ ինքն արդյո՞ք ասել է, որ չկան քարտեզներ, որոնք ապացուցում են, որ Էյվազլին 1940 թվականին է ընդամենը տրվել Ադրբեջանին, և, որ մինչ այդ Գորիս-Կապան ճանապարհի այդ ամբողջ հատվածը Հայաստանի Խորհրդային Հանրապետությանն է պատկանել, ու կան դրանք փաստող քարտեզներ։
Մեզ հետ զրույցում Ռուբեն Գալչյանը նախ հաստատեց մեր ստացած տեղեկությունը, որ հենց ինքն է հանդիպել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, իսկ հանդիպման ընթացքում ասել է հետևյալը.
«Ես հանդիպում եմ ունեցել Մհեր Գրիգորյանի հետ և նրան ասել եմ, որ իմ ասածը վերաբերում է Խորհրդային մեծ հանրագիտարանում հրապարակված 1926 թվականի քարտեզին։ Այդ ժամանակ այդ ճանապարհի տարածքը Հայաստանի մաս էր կազմում, իսկ այդ քարտեզի պաշտոնական տարբերակը մենք չունենք. այն կա միայն Ռուսաստանում, ու էնտեղից պետք է վերցնենք։ Հենց դրա մասին էլ խոսեց Պուտինը՝ ասելով, որ Ռուսաստանը պետք է մասնակցի այդ սահմանագծմանը, որովհետև միայն իրենք ունեն քարտեզի այդ օրինակը։ 1926 թվականի այդ քարտեզով Գորիս-Կապանի այդ ամբողջ հատվածը պատկանում է Հայաստանին, այն ժամանակ ճանապարհը չի էլ եղել, ճանապարհը կառուցվել է 1950-ական թվականներին, և ճանապարհ ծրագրողն այնպես է արել, որ ճանապարհը որոշ տեղերով մտնի Ադրբեջան, դուրս գա։ Մհեր Գրիգորյանին ես ասել եմ, որ այդ քարտեզի պաշտոնական տարբերակը կա Ռուսաստանում»,- ասաց Գալչյանը։
Դիտարկմանը՝ փաստորեն, այն, ինչ ավելի վաղ ասել է լրատվամիջոցների հետ զրույցում, նույնն ասել է նաև Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ, քարտեզագիրը պատասխանեց.
«Այո՛, ես իմ խոսքից հետ չեմ կանգնել»։
Մանրամասները՝ տեսանյութում
168.am