ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին. քննարկվել են գործընկերության ընդլայնմանն առնչվող հարցեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն:
Պաշտոնը ստանձնելու կապակցությամբ նախարարը շնորհավորել է Քրիստինե Վայգանդին և ընդգծել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ իրագործվող ծրագրերի կարևորությունը, որոնք բխում են հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների քաղաքականությունից: Հանրակրթության ոլորտի մարտահրավերներին լավագույնս արձագանքելու և առկա խնդիրները լուծելու համատեքստում Վահրամ Դումանյանը երկու կառույցների միջև արդյունավետ համագործակցությունն առավել խորացնելու պատրաստակամություն է հայտնել: Նախարարը փաստել է, որ ներկայում ԿԳՄՍ ոլորտներում իրականացվում են լայնածավալ բարեփոխումներ՝ մասնավորապես մատնանշելով «Հանրակրթության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները և Կրթության զարգացման ռազմավարության նախագիծը։
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդն իր հերթին նշել է, որ կրթության ոլորտն այն հիմնական չորս ուղղություններից մեկն է, որն առաջիկա չորս տարիների համար ամրագրվել է ՀՀ կառավարության հետ համագործակցության շրջանակում։ Նա շեշտել է, որ ԿԳՄՍՆ-ի հետ առկա է երկարամյա և արդյունավետ համագործակցության փորձ՝ ընդգծելով, որ նախարարության համակարգման ոլորտներն իրավամբ շատ լայն են՝ նախադպրոցական կրթությունից մինչև գիտություն, մշակույթ, սպորտ և երիտասարդություն։ Քրիստինե Վայգանդը փաստել է, որ ներկայում ԿԳՄՍ նախարարությունն ակտիվորեն գործակցում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ «Գլոբալ գործընկերությունը կրթության ոլորտում» (GPE) ծրագրի շրջանակում, որի նպատակը հանրակրթության ոլորտի բարեփոխումներին աջակցելն է՝ համախմբելով միջազգային գործընկեր կառույցներին, քաղաքացիական հասարակությանը և մասնավոր հիմնադրամներին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել կրթության շարունակականության և հեռավար կրթության ապահովման գործում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի բովանդակային և տեխնիկական աջակցությունը՝ մատնանշելով ԿՏԱԿ-ում ստեղծված նկարահանման տաղավարի կահավորման և տեսադասերի պատրաստման գործընթացը։ Նա նաև ընդգծել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը նախադպրոցական այլընտրանքային ծախսարդյունավետ մոդելների ներդրման առումով։ Անդրադառնալով GPE-ի շրջանակում համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունները կօգնեն, որ հանրակրթության բարեփոխումները լինեն փաստահեն՝ որպես օրինակ բերելով նոր չափորոշիչների կարևոր բաղադրիչ հանդիսացող գնահատման համակարգը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն իր հերթին ընդգծել է «Գլոբալ գործընկերությունը կրթության ոլորտում» (GPE) ծրագրի և Կրթության զարգացման ռազմավարության կապը՝ հավելելով, որ ՀՀ կառավարության գործողությունների պլանում ամրագրված ռազմավարության նախագիծն առաջիկայում կքննարկվի զարգացման գործընկերների հետ։
Անդրադառնալով փոքրաթիվ և սահմանամերձ համայնքներում որակյալ կրթության հասանելիությանը՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ դա լրջագույն խնդիր է, որի լուծման նպատակով ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել մի շարք գործընթացների իրականացմանը, օրինակ՝ հանրակրթական ուսումնական այն հաստատություններում, որտեղ առկա է ուսուցիչների պակաս, այս ուսումնական տարվանից փորձնական կարգով մեկնարկել է 18 մենթոր դպրոցների առաջատար ուսուցիչների կողմից հեռավար ուսուցման գործընթացը: ԿԳՄՍ նախարարը մատնանշել է նաև մյուս փոփոխությունը, այն է՝ Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերի համար հաստատվել է կրթական ծառայությունների ապահովման ծրագիր, որով նախատեսվում է կրթական նոր մոդելի գործարկում:
Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև համընդհանուր ներառականության, ուսուցիչների վերապատրաստման, ոչ ֆորմալ կրթության և երիտասարդության, ինչպես նաև կրթությունից դուրս մնացած երեխաների վերաբերյալ մի շարք հարցեր։
Tert.am