ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Հայաստան թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներկրման արգելքի վերաբերյալ հարցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մինասյանն ԱԺ ճեպազրույցում, մասնավորապես, հիշեցրեց, որ դեռևս տարիներ առաջ այս նախաձեռնության հեղինակը եղել է նախկին՝ իրենց կառավարությունը: Նա կարևորեց արգելքը այն ապրանքների մասով, որոնք Հայաստանում արտադրելու հնարավորություն կա, զուգահեռ տեղական արտադրողներին աջակցությունը, որ կարողանան համարժեք և առավել առաջանցիկ տեմպերով նման որակի ապրանքների արտադրությունը կազմակերպել:

Մինասյանը գործող կառավարության իրականացրածը համարեց մասնակի, թերի: «Միայն ֆորմալ կամ անվանական սահմանափակումը բավարար չէ, որ այն հիմնարար նպատակին հասնենք: Ուստի, եթե ամբողջական դառնա փաթեթը, այն օգտակար կարող է լինել»,- ասաց պատգամավորը:

Սակայն Մինասյանը թերահավատորեն է վերաբերվում, որ կառավարությունը դա լիարժեքորեն կանի:

Հանրապետության կառավարությունը 2020 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ ժամանակավոր արգելք էր դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքի գործողության ժամկետը այնուհետև երկարաձգվել էր մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կառավարությանն առաջարկել է դեկտեմբերի 31-ից հետո կրկին երկարաձգել թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների՝ Հայաստան ներկրման արգելքի գործողության ժամկետը:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն