ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն անդրադարձավ Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում ստեղծված իրավիճակին։

«Մարդու իրավունքների պաշտպանության օրը՝ դեկտեմբերի 10-ին ես եղել եմ Սյունիքի մարզում, սահմանամերձ բնակավայրերում։ Եվ թույլ տվեք ասել, որ այն, ինչ արձանագրել ենք, մեղմ ասած, դժվար է տեղավորել մարդու իրավունքներ հասկացության մեջ։ Սյունիքում վտանգված են ՀՀ քաղաքացիների կյանքի, առողջության, սեփականության իրավունքները։ Եվ այդ այլընտրանքային ճանապարհ կոչվածը գտնվում է թշնամու դիտարկման կենտրոնում, չկա մի հատված, որ թշնամու դիտարկումից դուրս է։ Դրան գումարած դժվարացել է երեք գյուղերի տեղաշարժը՝ Որոտան-Շուռնուխ հատվածները հատկապես խիստ մտահոգիչ են։ Այնտեղ դպրոցական երեխաներին դասավանդելու համար ուսուցիչներն ստիպված են Ուրալ մեքանայով օրվա մեջ մի քնաի անգամ գնմալ-գալ, ինչը լրացուցիչ դժգոհություններ է առաջացնում։ Դժվար է պատկերացնել՝ ձյան առատ տեղումների դեպքում այդ այլընտրանքային ճանապարհն ընդհանրապես կգործի, թե ոչ, և արդյոք այդ գյուղերը կդառնան շրջափակման մեջ գտնվող բնակավայրեր, թե ոչ»,- ասաց նա։ Ըստ Թովմասյանի՝ Հայաստանի գյուղական բնակավայրերից ադրբեջանական զինված ուժերի խելամիտ հեռավորության պահպանումը խիստ անհրաժեշտություն է։

«Թեպետ մարդիկ շատ սովորական էին վերաբերվում դրան և վստահեցնում էին, որ որևէ խնդիր չկա, իրենք շարունակելու են ապրել այդտեղ, չեն պատրաստվում որևէ տեղ տեղափոխվել Շուռնուխից ու Որոտանից, բայց այնուամենայնիվ ՀՀ իշխանությունը պարտավոր է ամեն հնարավոր քայլ իրականացնել՝ անվտանգային միջավայրն ու անվտանգային գոտին ապահովելու համար»,- հավելեց նա։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն