Իշխանության ցանկացած ներկայացուցչի հեռացումը համարում ենք ամենաօրակարգային ու ամենահրատապ խնդիրներից մեկը․ ՊՈՒ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօրվա ճեպազրույցում անդրադարձավ մամուլի հրապարակումներին, թե խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, պատգամավոր Թագուհի Թովմասյանն ու խմբակցությունը լքած Իշխան Զաքարյանը հրաժարվել են ստորագրել «Հայաստան» խմբակցության՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին պաշտոնանկ անելու նախաձեռնության տակ։
«Բնականաբար, ՀՀ գործող իշխանությունն օր առաջ պետք է հեռանա, և դա մեզ համար օրակարգային է, և այդտեղ որևէ բան չի փոխվել։ Ինչ վերաբերում է որևէ բան ստորագրելուն, այդ լուրը ես հերքում եմ ամբողջապես, որովհետև ստորագրելու ոչինչ չկար ուղղակի։ Դա նախաձեռնում է որևէ խմբակցություն, և որևէ խմբակցություն կարող է միանալ կամ չմիանալ։ Մեր խմբակցությունն առավել քան միասնական է, և մենք իշխանության ցանկացած ներկայացուցչի հեռացումը համարում ենք ամենաօրակարգային ու ամենահրատապ խնդիրներից մեկը։ Եվ եթե առաջաջիկայում էլ լինի նման նախաձեռնություն, մենք կմիանանք»,- ասաց Թագուհի Թովմասյանը։ Հարցին, թե կողմ քվերակելո՞ւ ենք Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջի նախագծին, Թագուհի Թովմասյանը պատասխանեց․ «Այո»։
Lragir.am