Ընդդիմադիր պատգամավորները դեռ չեն տվել հարցի պատասխանը, թե իրենք կոնկրետ ինչ քայլեր կձեռնարկեին, որպեսզի խուսափեին պատերազմից։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

«Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, ի պատասխան ընդդիմադիր գործիչների հարցերի, վարչապետը մի կարևոր հայտարարություն արեց։ Ասաց հետևյալը՝ 2018 թվականի դրությամբ բանակցային այն ժառանգության պարագայում, որն այդ պահին առկա էր, որևէ գործնական կամ տեսական հնարավորություն՝ Արցախը Ադրբեջանի տարածից դուրս կարգավիճակում ունենալու, չկար։ Եվ պատերազմից խուսափելու միակ հնարավորությունը տարածքների վերադարձն էր՝ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման։ Եվ նաև հավելեց, որ առաջարկում է ընդդիմությանը հստակ պատասխանել, թե իրենք կոնկրետ ինչ քայլեր կձեռնարկեին, որպեսզի այդ իրավիճակում խուսափեին պատերազմից։ Ես կուզեմ արձանագրեմ, որ ըստ էության մենք պատասխան մինչ այս պահը չունենք։ Այսօր Արծվիկ Մինասյանն անդրադարձել է այս հարցին, բայց ուզում եմ արձանագրել, որ վերջին հարցին, թե կոնկրետ ինչ քայլեր կձեռնարկեին իրենք, որպեսզի խուսափեին պատերազմից, մենք չստացանք։ Եվ կարծում եմ՝ սա կարևոր արձանգրում է, որը պետք է մեր հանրությունն անի։ Սա խոսում է այն մասին, որ այս թեմայի վերաբերյալ բոլոր պնդումներն ու հարցադրումները, որոնք տեղի են ունենում ընդդիմադիրների կողմից, բացարձակ այլ նպատակներ ունեն։ Եվ կարևոր նպատակը հանրությանը մոլորության մեջ գցելն է»,- ասաց Էդուարդ Աղաջանյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր առաջարկեց, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հանրային ներկայացնի այն ինֆորմացիան, որի մասին խոսում է։ Էդուարդ Աղաջանյանն ի պատասխան ասաց․ «Նույն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետն առաջարկել է փակ ձևաչափով հանդիպում ունենալ ընդդիմադիր մեր գործընկերների հետ։ Եվ ըստ էության այս առաջարկով Արծվիկ Մինասյանը, երբ ասում է, թե հրապարակային քննարկենք այս հարցը, խուսափում է այդ փակ քննարկումից, որովհետև պարզ է, որ նմանատիպ տեղեկատվության փոխանակումը պարունակելու է գաղտնի տեղեկատվություն։ Հենց սրանով է պայմանավորված, որ բաց ու հանրային քննարկման պայմանը մշտապես դրվում է մեր ընդդիմադիր գործընկերների կողմից», ասաց նա։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն