Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամկետը չի ավարտվել․ այս պահին որևէ քննարկում չկա, որ այդ ժամկետներից ավելի վաղ պետք է պաշտոնավարումն ավարտվի․ Էդուարդ Աղաջանյան
Երևանի քաղաքապետն ընտրված է կոնկրետ ժամկետներում պաշտոնավարելու տրամաբանությամբ։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով հարցին, թե իրենց քաղաքական թիմը քննարկո՞ւմ է Երևանի քաղաքապետի փոփոխություն:
«Այդ ժամկետը դեռևս չի ավարտվել, և այս պահին որևէ քննարկում առ այն, որ այդ ժամկետներից ավելի վաղ պետք է պաշտոնավարումն ավարտվի, չկա»,-ասաց Աղաջանյանը։
Նա նշեց, թե քաղաքապետի պաշտոնավարման դադարեցում հնարավոր կլինի օրենքով սահմանված մի քանի ընթացակարգերով, օրինակ՝ երբ քաղաքապետը հրաժարական կտա, կամ, երբ ավագանին նրան անվստահություն կհայտնի։
«Մենք քաղաքապետարանի ավագանու անդամների քննարկումների վերաբերյալ ինֆորմացիա չունենք։ Երբ քննարկումները, եթե այդպիսիք կան, կհասնեն քաղաքական թիմ, այդ մասին կհայտնենք։ Այս պահին նման քննարկումներ չկան»,-ասաց Էդուարդ Աղաջանյանը։
Tert.am