Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի armtimes.com էլեկտրոնային էջում երեկ ուշ գիշերին տեղադրվել է մի հոդված, ըստ որի՝ Հայկ Մարությանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Հոդվածի հեղինակը հղում կատարելով շրջանառվող տեղեկություններին՝ գրում է, թե իբր Մարությանը իր քավորի՝ Ամարասի Արթուրի միջոցով սերտ հարաբերություններ է հաստատել մեկ այլ գեներալի՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ, որը նույնպես Ամարասի Արթուրի սանիկն ու մտերիմ ընկերն է:

Ի դեպ, լրատվամիջոցը հիմք ընդունելով շրջանառվող տեղեկությունները, գրում է նաև, որ Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ:

Շրջանառվող տեղեկությունների իսկողությունը պարզելու նպատակով 168.am-ը դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Գեներալ-գնդապետը ծանոթ էր հրապարակմանը, նախ ասաց, որ ինքն անձամբ որևէ հանդիպման մասին տեղյակ չէ, ապա ավելացրեց.

«Ես տեսա, որ այդ տեղեկատվության մեջ գրված էր նաև Արթուր Ալեքսանյանի անունը, այդ թվում՝ իմ անունը, որ իմ միջոցով է հանդիպում եղել, թե իբր գեներալները փորձում են ինչ-որ բաներ անել։ Կարծում եմ՝ շրջանառվող տեղեկությունների համաձայն, որ պետական համակարգում բազմաթիվ հակասություններ կան, սրանով փորձում են շեղել ու ամենը գցել այն մարդկանց վրա, որոնց անունները գրված են։ Նման բան չկա ու չէր էլ կարող լինել»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Միաժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ Արթուր Ալեքսանյանն իր մարտական ընկերն է և, ի դեպ, գեներալ չէ, այլ գնդապետ: Հոդվածագիրն ինքն իրենից է հորինել.

«Մենք ունենք շատ լավ ընկերական հարաբերություններ, իր զավակները իմ սանիկներն են։ Իսկ Հայկ Մարությանի հետ մինչև քաղաքապետ լինելը մենք ունեցել ենք որոշակի հարաբերություններ, քաղաքապետ լինելու ժամանակ, երբ Արցախում էր, 1 կամ 2 անգամ հանդիպել ենք։ Սակայն այդ ամենը չի նշանակում, որ իրականություն է այն, ինչն այդ թերթը գրել է։

Նման բան չէր կարող լինել, բոլորդ էլ լավ գիտեք մեր վերաբերմունքն այսօրվա իշխանությունների նկատմամբ։ Եթե այդ լրատվամիջոցն է նման տեղեկություններ տարածում, մենք լավ գիտենք, թե այն ում ստեղծագործությունն է, այս ամենը նշանակում է, որ իրենք նորից մանիպուլյացիոն նյութեր են տարածում»,- հավելեց Սեյրան Օհանյանը։

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն