Ռուս խաղաղապահների ներկայությունը կարևոր ներդրում է այն բանում, որ Լեռնային Ղարաբաղում մարդիկ ապրեն անվտանգության զգացումով, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Երևանում «Նոր սերունդ» ծրագրի շրջանավարտների հետ հոբելյանական հանդիպումից հետո, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության հայկական ծառայությունը:

Կողմերի նախնական պայմանավորվածությամբ ռուս խաղաղապահները Ղարաբաղում տեղակայված են հինգ տարի ժամկետով։ Սակայն վերջերս Լեռնային Ղարաբաղի պետնախարար Արտակ Բեգլարյանը նշել էր ռուսական զորախմբի անժամկետ ներկայության անհրաժեշտությունը։

«Կան պայմանավորվածություններ և կա մեր խաղաղապահ զորակազմի գործունեությունը, որն իրոք կարևոր ներդրում ունի այն բանում, որ մարդիկ այս տարածաշրջանում ապրեն անվտանգության զգացումով և ապագայի տեսլականով: Սա իսկապես խաղաղության և դրականության լուրջ և կարևոր գործոն է այս դժվարին իրավիճակում»,- ասել է դիվանագետը։

Խոսելով կողմերի հետագա գործողությունների և խաղաղապահների անժամկետ ներկայության հնարավորության մասին՝ նա նշել է.«Կյանքը ցույց կտա»։

Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն