Արա Աբրահամյանի թիմը, «Մեր տունը Հայաստանն է» և «Ալյանս» կուսակցություններն ընտրություններին մասնակցելու են միասնական ցուցակով, որ կգլխավորի Տիգրան Ուրիխանյանը
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի թիմը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, «Ալյանս» կուսակցությունը, նաև մի խումբ անհատներ արտահերթ ընտրություններին մասնակցելու են միասնական` «Մեր տունը Հայաստանն է» ցուցակով։
«Հիմք ընդունելով «ո՛չ հին, ո՛չ ներկա, ո՛չ սև, ո՛չ սպիտակ» չարատավորված, ինտելեկտուալ և հայրենասեր մարդկանց և ուժերի համախմբման անհրաժեշտությունը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի թիմը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, «Ալյանս» կուսակցությունը, ինչպես նաև մի շարք բացառապես բարի համբավ վայելող անհատներ արտահերթ ընտրություններին մասնակցելու են մեկ միասնական ` «Մեր տունը Հայաստանն է» ցուցակով։
Այն գլխավորելու է միասնական ցուցակի վարչապետի թեկնածու ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, երկրորդ համարն է հայտնի սահմանադրագետ ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը, երրորդը` ճանաչված փաստաբան, «Ալյանս» կուսակցության փոխնախագահ Սոնա Գուլքանյանը», - նշված է հայտարարության մեջ: