Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը դարձավ ԱԱ-ի փոքր ոսկե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) դարձավ աշխարհի առաջնության փոքր ոսկե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան 89 կգ քաշային ծանրորդները: Պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ Կարապետյանը գլխավերևում պահեց 167 կգ, այնուհետ` 172 կգ: Եվ երրորդ մոտեցմամբ 175 կգ: Հայ ծանրորդն աշխարհի առաջնությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ:
Հրում վարժությունում Կարապետյանը բոլոր մոտեցումներում էլ չկարողացավ բարձրացնել 196 կգ-ն. նա վնասվածք ստացավ:
Մինչ այս Հայաստանի ներկայացուցիչներից 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը միայն 8-րդն էր:
Դեկտեմբերի 14-ին աշխարհի առաջնությունում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ: 96 կգ քաշում B ենթախմբում 12:00-ին կմրցի Դավիթ Հովհաննիսյանը, իսկ 15:00-ին` Հակոբ Մկրտչյանը A խմբում:
Դեկտեմբերի 15-ին ժամը 18:00-ին 102 կգ քաշում A խմբում Սամվել Գասպարյանը և Արսեն Մարտիրոսյանը կփորձեն մեդալներ նվաճել: Կանանց` 81 կգ քաշի A ենթախմբում պայքարի մեջ կմտնի Տաթև Հակոբյանը: Մրցելույթի մեկնարկը կտրվի 15:00-ին:
Դեկտեմբերի 16-ին ժամը 15:00-ին 109 կգ քաշում կմեկնարկի Սիմոն Մարտիրոսյանը:
Եվ դեկտեմբերի 17-ին գերծանր քաշային կարգի ծանրորդների մեջ մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը: Մրցելույթի մեկնարկը՝ 15:00-ին:
Tert.am