Արդեն տևական ժամանակ է՝ տարբեր գործիչներ ահազանգում են, որ Արցախում որոշ հայկական դիրքերի վրայից իջեցվել է Արցախի դրոշը։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ անձամբ չի տեսել, սակայն, ստացած տեղեկությունների համաձայն, դիրքերի վրայից իջեցրել են դրոշները։

«Այդ դրոշների փոխարեն՝ ոչինչ չպետք է դրված լինի, սա ուժային կառույցների ղեկավարներից եմ ճշտել, ասել են, որ Արցախի դրոշի փոխարեն՝ այլ բան չի լինելու։ Մի շրջան լուրեր տարածվեցին, որ Արցախի նախագահականի վրայից էլ են դրոշը հանել, բայց նման բան չկար։ Առհասարակ 90-ականներից հետո որևէ դիրքի վրա Արցախի դրոշը չի եղել՝ նկատի ունենալով, որ պետք չէ դիրքերի կոնկրետ գտվելու վայրը ցույց տալ։ Սակայն 44-օրյա պատերազմից հետո, բնականաբար, ինչ-որ տեղ դրա կարիքը կար, որպեսզի մենք կարողանայինք մեր դիրքերի տեղերը հստակ տարբերել։ Հաջորդ քայլով կարծես մի տեսակ մրցման մեջ էինք թշնամու հետ, թե ով շատ դրոշ կդնի։ Բայց եթե մի պահ նայենք, առհասարակ ամեն տեղ դրոշ դնելը մուսուլմանական մոլուցք է, կոնկրետ ադրբեջանական ու թուրքական մոլուցք կա՝ ամեն տեղ իրենց այդ լաթի կտորը կպցնել։ Թշնամին նաև այդ քայլին էր դիմում, որպեսզի մեր նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրեր, ու ամեն տեղ իր դրոշը տեղադրեց։ Այդուհանդերձ մենք հասկանում ենք, որ դրոշների հանելը չի արվել մեր զինվորների անվտանգության համար, դրանք հանվել են Նիկոլ Փաշինյանի՝ Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո, նրան հստակ հրահանգ է տրվել, որ դրոշները հանվեն։ Նպատակն ու պատճառը սա է, որ հանում են»,- նշեց Հակոբյանը։

Ըստ նրա, թշնամին ներկել է Շուշիից Ստեփանակերտ եկող ճանապարհի վրայի սպիտակ պատի դրոշը, այսինքն՝ ամեն քայլի դիմում է, որպեսզի սադրի ու հոգեբանական ճնշում գործադրի։

Միաժամանակ Մ․ Հակոբյանն ընդգծեց, որ այստեղ խնդիրը ոչ թե դրոշների հանելն է, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանը գնաց Սոչի, վերադարձավ, ու սկսեցին դրոշները հանել։

«Իհարկե, ուժային կառույցների ղեկավարները սա չեն ասում, բացատրում են, թե զուտ անվտանգությունից ելենով են դրոշները հանում։ Դրոշը խորհրդանիշ է, և սահմանված է, թե այն որտեղ պետք է դրվի, կարող է լինել զորամասերի վրա»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն