«Հույս ունեմ, որ Մարությանը մեծ տղա է և կարող է կայացնել գոնե մեկ-երկու բրուտալ որոշում». Թեհմինա Վարդանյան
Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող armtimes.com կայքը գրել էր, թե Հայկ Մարությանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ընդ որում, ըստ լրատվամիջոցի՝ հանդիպումը տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի միջնորդությամբ: 168.am-ի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հերքել էր Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցի հրապարակած տեղեկատվությունը:
Կայքի այդ հրապարակմանը հաջորդեց տրանսպորտային մի շարք երթուղիների վարորդների բողոքի ակցիան, որոնք աշխատավարձի բարձրացում էին պահանջում այն դեպքում, երբ ներկայումս քաղաքապետարանը հանրային տրանսպորտի վարորդներին վճարում է մաքուր (հարկերը հանած) շուրջ 260․000 դրամ աշխատավարձ՝ 15 օրվա աշխատանքի համար։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում նկատեց, որ Փաշինյան-Մարության հարաբերությունները տևական ժամանակ լարված են, և վերոնշյալ իրադարձությունները հենց դրա հետ են կապված:
«Փաշինյան-Մարության հարաբերությունների լարվածությունը սկսում է ավելի առարկայական բնույթ կրել: Փաշինյանենց տան ռահվիրա «Հայկական ժամանակը» տևական ժամանակ է՝ նման հոդվածներ է գրում Մարությանի հետ կապված, բայց հիմա խոսակցություններն ավելի առարկայական են դարձել: Եթե կհիշեք՝ նախորդ շաբաթ հանդիպել էին ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Կոնջորյանը և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Գալջյանը, և ակնհայտ էր, որ այստեղ քննարկվում է Մարությանի լինել-չլինելու հարցը: Այն, որ այսօր առավոտյան արդեն հասարակական տրանսպորտի վարորդները բոյկոտ էին անում, ի դեպ, անհասկանալի բոյկոտ, որովհետև պայմաններն էականորեն լավն են, և թող որևէ մեկը չասի, որ մեր երկրում տրանսպորտի վարորդի համար 260.000 դրամ աշխատավարձը 14 օրվա կտրվածքով՝ նորմալ աշխատավարձ չէ, կարծում եմ՝ սա ևս պատրվակ և հրահրված բողոքի ակցիա էր: Շուտով նմանատիպ ակցիաներ տարբեր ոլորտներում լինելու են»,- ընդգծեց Թեհմինա Վարդանյանը:
Նրա խոսքով՝ հենց տրանսպորտային ոլորտում էր բողոքի ակցիա կազմակերպվել, որովհետև շատ քաղաքացիներ համարում են, որ տրանսպորտային բարեփոխումները Մարությանի դրական կողմերից են. «Ես, իհարկե, այդ կարծիքին չեմ, բայց Մարությանը տասնյակ նոր ավտոբուսներ է գիծ բաց թողել, որոնք բերվել են տրանսպորտային պարկը համալրելու համար: Մի շատ պարզ ճշմարտություն կա, որ եթե լինեն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, և Մարությանն առաջադրվի, նա բավականին լուրջ ձայներ կարող է հավաքել՝ միայն ու միայն տրանսպորտային բարեփոխումների հետ կապված: Այստեղ չենք քննարկում՝ քանի բարեփոխում է արել, չենք քննարկում, որ եթե 2018թ. որևէ բան չփոխվեր, ամբողջովին նոր տրանսպորտային ցանց պետք է ներդրվեր, և այլն, քննարկում ենք կենցաղային մանր խնդիրներ՝ պարբերաբար 10-15 նոր ավտոբուսի գիծ դուրս գալ, և քաղաքացիների աչքին դա երևում է: Տարօրինակ չէ, որ հենց առաջնայինը Փաշինյանը Մարությանին խփում է տրանսպորտի հետ կապված, այսինքն՝ ուզում է տրանսպորտի բարեփոխողի միֆը կոտրել: Կարծում եմ՝ մոտակա օրերին դեռ լուրջ խմորումներ են լինելու, որովհետև բազմաթիվ խոսակցություններ են պտտվում»:
Թեհմինա Վարդանյանը կողմ չէ, որ այս պահին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ կազմակերպվեն. «Առանց այդ էլ երկիրը անկայուն վիճակում է, իսկ մենք հիմա խոսում ենք մայրաքաղաքի մասին: Այն, որ երկու կողմն էլ իրար արժանի են, սա ևս չի քննարկվում, բայց այն, որ Մարությանը Փաշինյանի ենթակայությունից դուրս է եկել, միանշանակ ցավեցնում է իրեն աստված համարող Փաշինյանին և նրա, այսպես ասած, թիմին»:
Հարցին՝ իսկ ո՞ւմ ազդեցության տակ է հայտնվել Մարությանը, թե՞ ինքնուրույն է գործում, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ ում ազդեցության տակ է հայտնվել, ամեն դեպքում ես մեծ հույս ունեմ, որ մեծ տղա է և իր կյանքում կարող է կայացնել գոնե մեկ-երկու հստակ և բրուտալ որոշում»:
168.am