Ո՞վ էր Ռուստամ Բաքոյանը՝ մինչեւ պատգամավոր դառնալը
Նիկոլ Փաշինյանին հաջողվեց իրար դեմ հանել նաեւ եզդի համայնքը: Ճիշտ է՝ նրանք առանձնապես հաշտ չէին ու վաղուց թեւերի էին բաժանված, բայց գոնե իրար դեմ թշնամացած չէին: Փաշինյանն ու ՔՊ-ն հենց այդ թշնամանքը մտցրին՝ օգտագործելով պատգամավոր Ռուստամ Բաքոյանին:
Վերջինս ՔՊ-ի ազդեցության շրջանակն ընդլայնելու, նաեւ շեֆի հանձնարարականը կատարելու համար փորձեց ուղղորդել եւ «Քաղպայմանագրի» ոճով ու ճաշակով միջամտել դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին: Որպեսզի ապահովեր իրենց հաղթանակը եզդիաբնակ Արեւուտ խոշորացված համայնքում, նախընտրական պայքարին ներգրավեց քրեական ենթամշակույթ կրող «հեղինակություններին»:
Բաքոյանը միամտաբար կարծել էր, թե եզդիները սրտատրոփ սպասում են իր կես խոսքին, որ վազեն ընտրատեղամասեր ու քվեարկեն ՔՊ-ի օգտին, որպեսզի Ռուստամ Բաքոյանն Արեւուտից դուրս գա գլուխը բարձր: Նա այդ գործին ներգրավել էր նաեւ գողականների։ Բացի դրանից, նաեւ սուտ մատնություն էր արել խոշորացված համայնքի մաս կազմող Թլիկի գյուղապետի դեմ: Պատգամավորն ԱԱԾ-ին տեղեկություն էր հաղորդել, թե Սլավիկ Սալոյանը՝ գյուղապետը, ծեր կնոջ անձնագիր է վերցրել: ԱԱԾ-ից զանգել ու իրենց մոտ էին հրավիրել Սալոյանին:
Կեղծ տեղեկությունը բարիկադավորել է կողմերին, իսկ հեռախոսազրույցը՝ հայհոյանքներով համեմված, որ Բաքոյանն ունեցել էր Սալոյանի հետ, հայտնվեց համացանցում: Լսելի էր, թե ինչպես է Բաքոյանը սեռական բնույթի հայհոյանքներ տալիս եւ սպառնում «կտրել ականջները»: Սպառնալիքն այդքան լուրջ չէր ընկալվի, եթե դրան չհետեւեր գործը:
«Երբ հեռախոսով ինձ սպառնաց ու ասաց՝ գյուղում մնա, գալիս եմ ականջներդ կտրեմ, ես հասկացա, որ վտանգի մեջ եմ: Գնացի ոստիկանության Թալինի բաժին՝ հանցագործության մասին հայտարարություն տալու: Գյուղից դուրս գալիս տեսա, որ Բաքոյանը երկու մեքենայով մտնում է գյուղ: Հասկացա, որ եկել են հաշվեհարդար տեսնելու: Արդեն Թալին էի հասնում, երբ սպորտսմեն Ռոման Ամոյանը զանգեց, ասաց՝ ուզում են տեսնել ինձ: Ասացի՝ Թալինում եմ, չեմ կարող գալ, ու անջատեցի հեռախոսս, որ էլ չզանգեն»,- պատմում է Սլավիկ Սալոյանը: Նա վստահ է՝ եթե հանդիպեին, հաշվեհարդարից խուսափել հնարավոր չէր լինի: Իսկ Բաքոյանն ու «շքախումբը» Սալոյանին գյուղում չգտնելով՝ հյուրընկալվել են ծանոթ մի ընտանիքի ու կերուխում կազմակերպել:
Սլավիկ Սալոյանի հայտարարության հիման վրա ԱԱԾ Թալինի քննչականում նյութեր են նախապատրաստվում: Անպարկեշտ ու քաղաքական գործչին ոչ հարիր պահվածքի համար պատգամավոր Բաքոյանը թեեւ հրապարակային ներողություն խնդրեց, բայց Սլավիկ Սալոյանի բողոքը քննվում է։ «Ոչինչ չի կարող ստիպել ինձ՝ հետ վերցնել բողոքս»,- ասաց Սալոյանը՝ խոստովանելով, որ վախենում է իր եւ ընտանիքի կյանքի համար:
Ո՞վ էր Ռուստամ Բաքոյանը մինչեւ պատգամավոր դառնալը: Եզդիներն ասում են՝ սեփական գոտի չուներ, որ շալվարը ձգեր: Ըստ նրանց՝ Բաքոյանի առաջին գոտին նվեր է տվել մեծահարուստ մի եզդի եւ ասել՝ կապիր, որ շալվարդ վրայիցդ չընկնի: «Բայց հիմա 1500 գլուխ ոչխար ունի»: Ինչո՞ւ էր Բաքոյանը ձգտում իր ներկայացուցիչն ունենալ Արեւուտում: 6 բնակավայր ներառող Արեւուտում, պարզվում է, 2022-ին նախատեսվում է ասֆալտապատել գյուղական ճանապարհները, ոռոգման եւ խմելու ջրագծեր անցկացնել: «Դե, բաքոյանական թեւն էլ ձգտում է իր պատառը փախցնել մի կտոր ասֆալտից ու մնացածից»,- ասում են գյուղում:
Հիշեցնենք, որ եզդիների հետ հանդիպման ժամանակ Բաքոյանն ասել է՝ եթե մեր թեկնածուն չանցնի, ո՛չ ասֆալտի երես կտեսնեք, ո՛չ ջուր կունենաք:
Hraparak.am